Դոնալդ Տուսկ․ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը հավակնոտ է ու սատարում է Հայաստանի արդիականացմանը
«Իմ այցելությունն ապացույցն է այն կարևորության, որ ԵՄ-ն տալիս է Հայաստանի և տարածաշրջանի հետ հարաբերություններին։ Այսօրվա մեր քննարկումներն ընդգծեցին մեր գործընկերության համաձայնագրի իրականացումը, որը հավակնոտ համաձայնագիր է և սատարում է Հայաստանի արդիականացմանը»,-այսօր այս մասին ասաց ԵՄ խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը՝ Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո հանդես գալով հայտարարությամբ։
Տուսկը նշեց, որ ԵՄ-ն կշարունակի տրամադրել տեխնիկական և ֆինանսական օժանդակություն՝ այս համաձայնագրի իրականացման ուղղությամբ։
Տուսկը կարևորեց օրենքի գերկայությունը, կոռուպցիայի դեմ պայքարն ու մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը։
«ԵՄ-ն ողջունում է անկախ, արդյունավետ ու հաշվետու դատական համակարգ ստեղծելու ձգտումը։ Կուռ դատական համակարգն էական բաղադրիչ է հասուն ժողովրդավարության, նաև տնտեսական ու սոցիալական զարգացման համար։ ԵՄ-ն նաև այստեղ շարունակելու է փորձագիտական և լրացուցիչ ռեսուրներով օժանդակել»,-ասաց Դոնալդ Տուսկը։
Տուսկն ու Փաշինյանը քննարկել էին նաև հակակոռուպցիոն մասնագիտացված հանձնաժողովի ստեղծման հարցը։ Նշվեց, որ ճանաչելով կառավարության բարեփոխումների ուղղությամբ ջանքերը՝ ԵՄ-ն գրեթե կրկնապատկել է Հայաստանին օժանդակությունը 2019թ․-ի համար, որոնք կօգնեն գերակա ծրագրերի իրականացմանը՝ ներառյալ ենթակառուցվածքային և բնապահպանական։
Այս ամատեքստում Տուսկն անդրադարձավ նաև Սևանա լճին, նշելով, որ ԵՄ-ն այստեղ աջակցելու է ջրային ռեսուրսների կառավարմանը։
«Առիթ կունենամ այցելել Սևանա վանքը, մի հուշարձան, որն ապացույցն է Հայաստանի հազարամյա ազդեցությանը եվրոպական մշակույթի վրա»,-ասաց Տուսկը։
Նշենք, որ Դոնալդ Տուսկը չանդրադարձավ Հայաստանի հետ ԵՄ վիզային ռեժիմի ազատականացման մասին հարցին, ինչի մասին խոսեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հայտարարության մեջ։
Նշենք, որ Դոնալդ Տուսկը Երևանում է տարածաշրջանային այցով։ Նա երեկ Բաքվում էր, իսկ վաղը կմեկնի Բաթումի, որտեղ անցկացվելու է «Արևելյան գործընկերության» տասնամյակին նվիրված միջազգային համաժողովը, որին մասնակցելու է նաև ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։
Երևանում նախատեսված է նաև Տուսկի հանդիպումը ՀՀ նախագահի հետ։
Դոնալդ Տուսկը Հայաստանի վարչապետի հետ վերջին անգամ հանդիպել էր այս տարվա մարտին Բրյուսելում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին