Եվրադատարանը Թուրքիային հարկադրել է փոխհատուցում վճարել ընդդիմադիր գործիչ Դեմիրթաշին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Թուրքիային հարկադրել է խոշոր դրամական փոխհատուցում վճարել Սելահաթթին Դեմիրթաշին։ Այս մասին հայտնում է ermenihaber-ը։
Ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) նախկին համանախագահը 05․07․2005թ․ մի հեռուստահաղորդման ժամանակ հեռախոսակապով միացել էր ուղիղ եթերին և խոսել քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանի ու քրդական հարցի մասին։ Այդ ելույթի համար Դեմիրթաշը մեղադրվել էր ահաբեկչական խմբավորման քարոզ անելու մեջ և Դիարբեքիրի դատարանի վճռով 2010թ․ դատապարտվել ազատազրկման։
Պետք է նշել, որ Դիարբեքիրի դատարանի վճիռը պայմանականորեն չէր կիրառվել, ընդդիմադիր գործիչը միայն փորձաշրջան պիտի անցներ 5 տարի ժամկետով։ Դեմիրթաշը բողոքարկել էր այդ դատավճիռը և դիմել ՄԻԵԴ՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի՝ խոսքի և մտքի ազատության մասին հոդվածների խախտման հիմնավորմամբ։
Այժմ ՄԻԵԴ-ը վճռել է, որ թուրքական դատարանի վեոնշյալ որոշումը պարզապես խոսքի իրավունքի սահմանափակում է։ ՄԻԵԴ-ի որոշմամբ Թուրքիան պետք է ԺԴԿ նախկին առաջնորդին 2․000 եվրո վճարի՝ որպես բարոյական փոխհատուցում ու ևս 1․000 եվրո՝ որպես դատական ծախսերի փոխհատուցում։
Հիշեցնենք, որ Սելահաթթին Դեմիրթաշն այլ գործի շրջանակներում արդեն շուրջ 3 տարի գտնվում է Էդիրնեի փակ տիպի բանտում։ Նախորդ տարի Դեմիրթաշի գործով ՄԻԵԴ-ի կայացրած մեկ այլ որոշմամբ Թուրքիային պահանջ էր ներկայացվել անմիջապես ազատ արձակել ընդդիմադիր գործչին։ Սակայն Թուրքիան գերադասել էր անտեսել ՄԻԵԴ-ի պահանջը՝ այն առ ոչինչ համարելով։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա