Կաթվածահար վիճակ ու քար լռություն
Էլեկտրաէներգիայի մասայական անջատումների հետևանքով հանրապետության շատ բնակավայրերում, Երևանի փողոցներում հատկապես կաթվածահար իրավիճակ է առաջացել։ Լուսացույցները չաշխատելու հետևանքով մեծ խցանումներ են, չեն աշխատում տերմինալները, դրամարկղները, կասեցված է մետրոպոլիտենի աշխատանքը։
Ստեղծված իրավիճակում բաժանորդներին, քաղաքացիներին որևէ պետական մարմին տեղեկատվություն չի տրամադրել վթարի պատճառների, տևողության, հնարավոր հետևանքների ու դրանցից խուսափելու վերաբերյալ։
ՀԷՑ-ի էջում որևէ բան չկա, ՃՈ-ն լուռ է, ԱԻՆ-ը՝ նույնպես, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից էլ ասացին՝ հաղորդագրություն կտարածեն, ավելի ուշ հայտնի դարձավ՝ շտապ ասուլիս են հրավիրում։
Panorama.am-ը ոստիկանությունից հետաքրքրվեց, ի՞նչ է անում ՃՈ-ն ստեղծված իրավիճակում։
«Բոլոր միջոցները ձեռնարկվում են երթևեկության անվտանգության ապահովման համար»,-ասացին ոստիկանությունից։
Ավելի վաղ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր էջում գրել էր. «Այս պահին ունենք վթար էներգետիկ համակարգում։ Երևանի ՋԷԿ-ը և Հրազդանի 5-րդ բլոկը անջատված են։ Հանրապետությունով մեկ հնարավոր են անջատումներ։
Աշխատանքներ են տարվում, որպեսզի խնդիրը մինչև երեկոյան ժամը 7-ը կարգավորվի»։
Հարակից հրապարակումներ`
- Մետրոպոլիտենի աշխատանքը կկասեցվի
- Քաղաքագետ. Երկրում կառավարման ճգնաժամ է
- Փոխվարչապետ. Ունենք վթար էներգետիկ համակարգում