Մեկնարկել է Հակակոռուպցիոն ռազմավարության նախագծի հանրային քննարկումների շարքը
Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել «Հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի» Կառավարության որոշման նախագծի հանրային քննարկումը: Այն կազմակերպվել էր Արդարադատության նախարարության և «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի կողմից: Այս մասին հայտնում են ԱՆ տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի վարչությունից:
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել գործընկեր հասարակական կազմակերպություններին ակտիվ մասնակցության համար՝ ընդգծելով, որ Արդարադատության նախարարությունը կարևորում է շահագրգիռ հասարակության ներգրավվածությունը նման հիմնարար փաստաթղթի մշակման գործում: Տիգրան Խաչիկյանը հորդորել է նույն ակտիվությամբ մասնակցել նաև Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդում ներգրավվելու համար նախատեսվող մրցութային գործընթացին:
Տիգրան Խաչիկյանը, ներկայացնելով ռազմավարության երեք հիմնասյուները՝ հակակոռուպցիոն կրթությունը, հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մարմնի ձևավորումը և կոռուպցիայի կանխարգելումը, նշել է, որ դրանց շրջանակում են դիտարկվելու կոռուպցիայի դեմ պայքարի ամենատարբեր ուղղությունները: Ինստիտուցիոնալ համակարգի ձևավորման ենթատեքստում փոխնախարարը ներկայացրել է կոռուպցիոն հանցագործությունների քննության և այդ գործերով օպերատիվ հետախուզական միջոցառումների նախաքննություն իրականացնող մեկ միասնական մարմնի ստեղծման գործընթացը:
Անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարի իրավասություն ունեցող մարմինների տարանջատված մոդելի ընտրությանը՝ Խաչիկյանը նշել է, որ քաղաքականություն մշակող մարմնի համոզմամբ չեն կարող մեկտեղվել բնույթով երկու տարբեր գործառույթներ, այն է՝ հայտարարագրերի ընդունման գործընթացը և կոռուպցիոն գործերով նախաքննության իրականացումը. այդ և մի շարք այլ հիմնավորումներով ընտրվել է տարանջատված մոդելի կիրառումը:
Քննարկմանն անդրադարձ է եղել ռազմավարության նախագծի նպատակներն արտացոլող մի շարք այլ դրույթների ևս: Ամփոփելով խոսքը՝ Տիգրան Խաչիկյանը տեղեկացրել է մասնակիցներին, որ նման ձևաչափով հանրային քննարկումներ լինելու են նաև Հայաստանի այլ քաղաքներում:
Այնուհետև, հաջորդել է շահագրգիռ հարցուպատասխանը քննարկման մասնակիցների միջև:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան