Համաշխարհային մակարդակով կանայք սկսել են ավելի քիչ թվով երեխաներ ունենալ
Կանխատեսումների համաձայն, աշխարհի բնակչությունը կշարունակի աճել։ Ներկայումս բնակչությունը կազմում է 7,7 միլիարդ մարդ, բայց ընդամենը 10 տարի հետո կհասնի 8,5 միլիարդի՝ գրանցելով 10 տոկոս աճ, իսկ 2050թ․ Երկրում կբնակվի 10 միլիարդ մարդ՝ գրանցելով 26 տոկոս աճ, 2100-ին՝ բնակչության թիվը կհասնի 11 միլիարդի։ Լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցչի պաշտոնակատար Ծովինար Հարությունյանը՝ ներկայացնելով «Աշխարհի բնակչության հեռանկարները» ուսումնասիրության արդյունքները։
Նրա խոսքով, տարբեր երկրներում աճի տեմպերը տարբեր են. Աֆրիկայում բնակչությունը մինչև 2050 թվականը կրկնապատկվելու է, գրանցվելու է մոտ 99 տոկոս աճ, սակայն Եվրոպայում ընդամենը 2 տոկոս բնակչության աճ է գրանցվելու։
Աշխարհի բնակչության աճի 50 տոկոսից ավելին բաժին է ընկնելու 9 երկրի՝ Հնդկաստան, Նիգերիա, Պակիստան, Կոնգո, Եթովպիա, Տանզանիա, Ինդոնեզիա, Եգիպտոս, ԱՄՆ։ 2027 թվականին Հնդկաստանը կդառնա աշխարհի ամենագերբնակեցված երկիրը՝ գերազանցելով Չինաստանին։ Սակայն սրան զուգահեռ կան երկրներ, որտեղ բնակչությունը շարունակաբար գրանցում է կրճատում. 2010 թվականից ի վեր 27 երկրում գրանցվել է 1 տոկոսից ավելի բանկչության կրճատում, ինչը հիմնավորվում է ցածր ծնելիությամբ, մահացության բարձրացումով, արտագաղթով։ Մինչև 2050 Չինաստանի բնակչությունը կրճատվելու է 31,4 միլիոնով կամ 2,2 տոկոսով։ Մինչև 2050 թվականը այդ երկրների ցանկը 27-ից հասնելու է 55-ի։
Ծ. Հարությունյանն ասաց, որ համաշխարհային մակարդակով կանայք սկսել են ավելի քիչ թվով երեխաներ ունենալ, ծնելիության մակարդակը տարբեր երկրներում տարբեր է։ Աշխարհի բնակչության մոտ կեսի բանկության վայրում ծնելիությունը պարզ վերարտադրությունից ցածր է։ Պարզ վերարտադրությունը 2,1 շեմն է։ Հայաստանը հենց դասվում է այս երկրների շարքին, տարիներին շարունակ Հայաստանում պահպանվում է 1,6 ծնելիության գումարային գործակիցը։
Աշխարհի բնակչությունը շարունակում է ծերանալ, քանի որ կյանքի սպասվելիք միջին տևողությունը շարունակաբար աճում է, իսկ ծնելիությունը շարունակաբար նվազում է։ Ծնելիությունը 2,5 գործակցից հասնելու է 2,2-ի, կյանքի միջին տևողությունը՝ 73 տարեկանից հասնելու է 77 տարեկան։ Նա նշեց, որ կյանքի տևողությունն աճում է, քանի որ բարելավում են առողջապահական համակարգերը, դեղորայքային նոր գյուտեր են տեղի ունենում։
Տվյալների համաձայն, որոշ երկրներում միգրացիան գնալով դառնում է բնակչության թվաքանակի փոփոխման հիմնական պատճառը, մինչևդեռ նախկինում ավելի մեծ գործոն էին ծնելիությունն ու մահացությունը։ Օրինակ, վերջին 28 տարում Հայաստանից ավելի քան 1 միլիոն մարդ է արտագաղթել։ Երկրները բաժանվում են երկու տիպի՝ միգրանտներ ընդունող և միգրանտներ ուղարկող։ Կանխատեսումների համաձայն, միգրանտ ընդունելու է Եվրոպան, Հյուսիսային Ամերիկան, Հյուսիսային Աֆրիկան, Արևմտյան Ասիան, Ավստրալիան։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին