Մահացել է գեներալ-մայոր Ֆելիքս Գզողյանը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 10-ին ցավակցական հեռագիր է հղել գեներալ-մայոր Ֆելիքս Գզողյանի ընտանիքին:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ, հեռագրում ասված է.
«Խոր ցավով տեղեկացա ճանաչված ռազմական գործիչ, գեներալ-մայոր Ֆելիքս Գզողյանի մահվան մասին:
Ֆելիքս Գզողյանը մեծ ներդրում է ունեցել պաշտպանության բանակի եւ հայոց զինված ուժերի ստեղծման ու կայացման գործում: Նա անմիջական մասնակցություն է ունեցել Արցախյան ազատամարտում եւ մեր փառավոր հաղթանակների կերտման գործում: Ֆելիքս Գզողյանի պայծառ հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում:
Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի բոլոր հարազատներին ու մերձավորներին, մաղթում տոկունություն ու ոգու կորով»։
Ռաֆայել (Ֆելիքս) Հովհաննեսի Գզողյանը ծնվել է 1943թ. հունվարի 15-ին, ՀՀ Լոռու մարզի Շամլուղ բնակավայրում։ Լեռնային փրկարար, հանքափոր հայրն այդ ժամանակ աշխատանքի բերումով ընտանիքով Շամլուղում էր։ Նրանք պատմական Մեծ Հայքի 12-րդ նահանգ Ուտիքի Գարդման գավառից են՝ Շամխորի շրջանի Բաբսում հայաբնակ գյուղից։
Ռաֆայել (Ֆելիքս) Գզողյանը 1963թ. Տաշքենդի տանկային բարձրագույն հրամանատարական ուսումնարանն ավարտելուց հետո ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ Անդրկովկասյան ռազմական օկրուգի տարբեր զորամասերի հրամանատարական պաշտոններում՝ որպես տանկային դասակի, վաշտի, գումարտակի, զորամասի հրամանատար, ուսումնական կենտրոնի պետ։
1988թ. զորացրվել է խորհրդային բանակից և փոխգնդապետի կոչումով տեղափոխվել Հայաստան։ Ընդգրկվել է «Երկրապահ» կամավորական ջոկատում և մեկնել սահմանամերձ գոտի՝ որպես Իջևանի երկրապահների շտաբի պետ։ 1990-ին նշանակվել է Երևանում կազմավորված Հատուկ գնդի հրամանատարի տեղակալ՝ շտաբի պետ։ Հետագայում տեղափոխվել է Շահումյան` Շահեն Մեղրյանի հետ Հյուսիսային Արցախի՝ Շահումյանի շրջանի պաշտպանական գործողությունների համակարգման համար։ Ղեկավարել է Էրքեջ, Բուզլուխ, Մանաշիդ գյուղերի ազատագրումը։
1991թ. Գզողյանն իր նշանակալի ներդրումն ունեցավ Հայաստանի Պաշտպանության կոմիտեի ստեղծման գործում, այնուհետև տեղափոխվեց Արցախ։ 1992թ. փետրվարին նշանակվեց ԼՂ ինքնապաշտպանության ուժերի շտաբի պետ։
1992թ. հոկտեմբերի 17-ից մինչև 1993թ. մարտի 11-ը նշանակվել է Հարավարևելյան ուղղության հրամանատար, որն ընդգրկում էր ռազմաճակատի Կապանից Լաչին ձգվող գիծը։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում