Դավիթ Բաբայանը՝ Տուսկի հայտարարության մասին. ԵՄ-ն վերջապես ինչ-որ սկզբունքներով պետք է առաջնորդվի
Արցախում ծանոթացել են ԵՄ խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի՝ Բաքվում նախագահ Ալիևի հետ հանդիպումից արած հայտարարությանը։ Մեղմ ասած՝ հիասթափված են։ Արցախի նախագահի խոսնակի ձևակերպմամբ, այդ հայտարարությամբ փորձում են հավասարակշռություն պահպանել և իրենց ազգային շահերն առաջ տանել։
Հիշեցնենք, որ Տուսկը, որն արդեն Երևանում է ու քիչ անց հանդիպելու է հայաստանցի լրագրողների հետ, հայտարարել է՝ ԵՄ-ն աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը։
«Մենք միշտ էլ ասել ենք, որ շատ կարևոր է՝ միջազգային հանրությունը, մասնավորապես հեղինակավոր կազմակերպություններն ու միավորումները, որոնց շարքին է պատկանում նաև Եվրամիությունը, վերջապես ինչ-որ գաղափարներով ու սկզբունքներով հանդես գան»,-Panorama.am-ի հետ զրույցում հայտարարությանն այպես արձագանքեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը։
Նա ընդգծում է՝ մի բան է, երբ ասում են, որ իրենց քաղաքականության, պետականաշինության հիմքում ընկած է ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, մեկ այլ բան է, երբ տեսնում ես նման մտերիմ հարաբերություններ Ադրբեջանի պես ահաբեկչական երկրի հետ։
«Այդ հայտարարությունում որևէ տող չկա Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության, մարդ կացնահարածին հերոսացման, ռևանշիստական ու ագրեսիվ քաղաքականության մասին։ Լավ հասկանալի է, եթե շահերով եք առաջնորդվում, այդ դեպքում ինչո՞ւ եք ուրիշներից պահանջում, որ շահերով չառաջնորդվեն»,-տարակուսեց Բաբայանը։
Արցախի նախագահի մամուլի խոսնակը պնդում է, որ ինչքան էլ տհաճ ու դառը լինի դրանց մասին խոսելը, պետք է բարձրաձայնել, քանի որ Եվրոպային այստեղ համարում են քաղաքակիրթ երկիր, բարեկամ տարածաշրջան։
«Չի կարելի թաքցնել մտահոգությունները, իսկ դրանք շատ են։ Մենք տեսնում ենք խավիարակերություն, համաեվրոպական խաղերի անցկացում Բաքվում։ Լավ, ո՞րն է սկզբունքը։ Եթե խոսում են տարածքային ամբողջականության մասին, ապա պետք է հստակ ասել, թե ինչ ի նկատի ունի՝ առկա՞ սահմանները, թե՞ նրանք, որոնց հավակնում է Ադրբեջանը։ Սրանք լրիվ տարբեր բաներ են»,-ընդգծեց Բաբայանը։
Ինչ վերաբերում է հայտարարության մեջ «մենք մտահոգված ենք շփման գծում վերջին կորուստներով» հատվածին, ապա Բաբայանը կարծում է, որ դա ավելի մարդասիրական բնույթ ունի։
«Բոլորի համար էլ կորուստներն անընդունելի են։ Վերջին շրջանն էլ հստակեցված չէ, ի նկատի ունեն վերջին մեկ տարի՞ն, մեկ ամի՞սը։ Սա այլ խնդիր է։ Հիմնական խնդիրը քաղաքական տեսլականի մեջ է, մարդու իրավունքները նրանք ընդունո՞ւմ են խոսքով, թե՞ գործով, ինչո՞ւ են ահաբեկչական երկրի հետ հարաբերություններ պահպանում։ Իրենք ամեն ինչ դիտարկում են՝ իրենց շահերից ելնելով»,-ասում է Panorama.am-ի զրուցակիցն ու ընդգծում, այս դեպքերում հայկական կողմը պետք է կարողանա ճիշտ հետևություններ անել, վարել քաղաքականություն՝ մեր շահերից ելնելով, շատ լավ հարաբերություններ պահպանելով Ռուսաստանի, Իրանի, ԱՄՆ-ի, Եվրոպայի ու այլ երկրների հետ։
Բաբայանի խոսքով, պետք է լինել միասնական ու վարել ճիշտ աշխարհքաղաքականություն՝ հայկական կողմի շահերից ելնելով։
Նշենք, որ այսօր ժամը 11-ին կառավարությունում տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Դոնալդ Տուսկի համատեղ մամուլի ասուլիսը:
Հարակից հրապարակումներ`
- Դոնալդ Տուսկ․ ԵՄ-ն պատրաստ է աջակցել բնակչությանը խաղաղության նախապատրաստման կոնկրետ միջոցառումներին
- Դոնալդ Տուսկը կժամանի Հայաստան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան