Հայաստանի էներգահամակարգում հաճախականության տատանումների պատճառը դեռևս հստակ չէ. Փոխնախարար
Այս պահին դեռևս հստակ չէ, թե ինչի հետևանքով են առաջացել Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգում հաճախականության տատանումները: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը:
Փոխնախարարի խոսքով՝ Հայաստանի էնեգետիկ համակարգում ժամը 13:46 րոպեին հաճախականության տատանում է եղել, որի հետևանքով սկզբում անջատվել են Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկը, այնուհետև Երեւանի ՋԷԿ-ն ու ավելի փոքր կայանները:
«Հաճախականության տատանումները շարունակական բնույթ են կրել: Այս պահին դեռևս հստակ ախտորոշված չէ պատճառը, բայց կայունությունը վերականգված է, հաճախականության տատանումներ չունենք ու էներգահամակարգի արտադրական հզորությունները, մատակարարումը վերականգնվում են»,- ասաց Հակոբ Վարդանյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանի էներգահամակարգը սինխրոն կապի միջոցով կապված է իրանական էներգահամակարգի հետ, ուստի Հայաստանում ցանկացած տատանում զգացվում է իրենց մոտ և հակառակը:
«Վարկածներից մեկն այն է, որ հաճախականության հզոր տատանումը եկել է իրանական էներգահամակարգում տեղի ունեցած վթարից: Մենք մեր իրանցի գործընկերների հետ եղել ենք կապի մեջ, իրենք ևս փաստել են, որ իրենց մոտ նմանատիպ վթարներ տեղի են ունեցել նույն ժամանակահատվածում: Սակայն 100 տոկոսով ասել, որ հաճախականության տատանումները եկել են իրանական էներգահամակարգից, այս պահին չենք կարող»,- ընդգծեց Հակոբ Վարդանյանը:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարարը հայտնեց, որ կստեղծվի աշխատանքային խումբ՝ վթարի պատճառների ուսումնասիրման նպատակով. «Պատճառներն ու մեղավորներն անպայման կբացահայտվեն»:
Հակոբ Վարդանյանը միաժամանակ նշեց, որ անհանգստանալու կարիք չկա. «Որևէ տեխնածին աղետ տեղի չի ունեցել, չի էլ ունենա»:
Նրա խոսքով՝ հիմնական գործող բազիսային արտադրող կայանները համակարգում եղել են «Երևան» ՋԷԿ-ը, «Հրազդան» ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը և հիդրոէլեկտրակայանները:
«Ատոմակայանը պլանային վերանորոգման է կանգնած հունիսի 1-ից, ցանցում չի եղել, ցանցից օգտվել է միայն սեփական կարիքների համար: Ատոմակայանի անձնակազմը, պահպանելով բոլոր նորմատիվները, հաճախականության տատանման սկսվելուն պես ցանցից առանձնացել է և սեփական կարիքները բավարարել է դիզել-գեներատորների միջոցով: Կայունացումից հետո ատոմակայանը նորից սկսել է սնվել համակարգից, և որևէ վտանգ չի սպառնում»,- ընդգծեց փոխնախարարը:
Նա նաև հայտնեց, որ Լոռու և Տավուշի մարզերի մի մասն այս պահին անջատել են Հայաստանի էներգահամակարգից և միացված են վրացական էներգահամակարգին. «Վրաստանից 28 մեգավատ հոսանքի ներմուծում ունենք, մարզերի էներգամատակարարումը վերականգնված է: Իրանի հետ այս պահին ներմուծման ռեժիմով աշխատում ենք, ներմուծման ռեժիմն անընդհատ տատանվում է՝ կապված պահանջարկից: Այս պահին Իրանից ներմուծումը կազմում է 42 մեգավատ: Ընդհանուր սպառումը՝ 583 մեգավատ, վերականգնված է»:
Հակոբ Վարդանյանը նշեց նաև, որ մոտավորապես մեկ ժամվա ընթացքում, եթե այլ խնդիրներ չառաջանան, նոր տատանումներ չլինեն, 5-րդ բլոկի շոգետուրբինը կսկսի կամաց-կամաց մտնել ցանց և բեռ հավաքել:
«Մոտավորապես մեկ ժամվա ընթացքում, եթե այլ խնդիրներ չառաջանան, նոր տատանումներ չլինեն, 5-րդ բլոկի շոգետուրբին արդեն կսկսի կամաց-կամաց մտնել ցանց և բեռ հավաքել՝ մինչև 250-280 մեգավատ: Այդ ժամանակ հանրապետությունում ամբողջ էներգամատակարարումը կվերականգնվի, որևէ մեկը էլ չի զգա վթարի հետևանքները»,- ասաց փոխնախարարը:
Հարակից հրապարակումներ`
- Ավտոնոմ էլեկտրասնուցման աղբյուրների շնորհիվ, օդանավակայանի բնականոն աշխատանքները չեն տուժել հոսանքազրկումներից
- Էլեկտրաէներգիայի մատակարարումն աստիճանաբար վերականգնվում է. հայտարարություն
- Կաթվածահար վիճակ ու քար լռություն
- Մետրոպոլիտենի աշխատանքը կկասեցվի
- Փոխվարչապետ. Ունենք վթար էներգետիկ համակարգում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան