Վեց մարդու մահվան պատճառ դարձած ավտովթարի գործով «Տոյոտա Հիլուքս»-ի վարորդին մեղադրանք առաջադրվեց
Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական և դատավարական այլ գործողությունները՝ վեց մարդու մահվան պատճառ դարձած ավտովթարի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի վարորդին մեղադրանք է առաջադրվել. վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Հայտնում են քննչական կոմիտեից։
Հիշեցնենք, որ հուլիսի 6-ին՝ժամը 15:00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 54-րդ կիլոմետրի հատվածում՝ Արարատի մարզի Արարատ քաղաքի ՈԿՖ Բանավանի կամրջի վրա, միմյանց են բախվել «ԳԱԶԵԼ», «Տոյոտա Հիլուքս» և «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենաները, որի արդյունքում հրդեհ է բռնկվել «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայում, այնուհետև հրդեհը տարածվել է «Տոյոտա Հիլուքս» մակնիշի և «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենաներում, ինչի հետևանքով ստացած այրվածքներից «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և վերջինիս հինգ ուղևորները տեղում մահացել են, «ԳԱԶԵԼ»-ում գտնվող մյուս ուղևորները, ինչպես նաև «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորները՝ ընդհանուր թվով 11 մարդ, մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել բժշկական կենտրոններ:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ` «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի վարորդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով:
Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտածդատավճռով:
Հարակից հրապարակումներ`
- Արարատի վթարից տուժած 13-ամյա երեխան առողջացած դուրս է գրվում հիվանդանոցից
- Վեց մարդու կյանք խլած ավտովթարի գործով ձերբակալվել է «Տոյոտա Հիլուքս»-ի վարորդը
- Երասխ. վթարի վայրում՝ վեց այրված դի
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին