Շվեյցարիայում դատարանն արգելել է աքաղաղին գիշերները ծուղրուղու կանչել
Ցյուրիխ կանտոնի բնակիչները դատի են տվել հարևանին, որը տան կողքի ավտոտնակում հավաբուն է կառուցել: Հայցվորին զայրացրել է այն, որ, նրա կարծիքով, աքաղաղը չափազանց բարձր ու հաճախ է գոռացել:
Ռիա նովոստիի հաղորդմամբ, տղամարդը հաշվել է, որ թռչունը ծուղրուղու է կանչում ժամում 14-ից 44 անգամ, իսկ ձայնի բարձրությունը 15 մետր հեռավորության վրա հասնում է 84 դեցիբելի: Դատարանը կասկածել է այդ հաշվարկների ճշգրտությանը, քանի որ դրանք արվել են սմարթֆոնի օգնությամբ, այդուհանդերձ այդ միջոցն ընդունելի է համարել ու մասամբ բավարարել հայցվորի պահանջները:
Աքաղաղի տիրոջը պարտավորեցրել են ապահովել թռչնի լռությունը երեկոյան 10-ից մինչև առավոտյան 8-ը աշխատանքային օրերին և շաբաթ օրը, ինչպես նաև կիրակի երեկոյան 10-ից մինչև առավոտյան 9-ը: Բացի այդ, աքաղաղին արգելվել է դուրս գալ հավաբնից։