Ավիաընկերությունը թռիչքի թույլտվություն չունի, բայց հայտարարում է այսօրվանից թռիչքներ իրականացնելու մասին
Զբոսաշրջային սեզոնին ընդառաջ ու ընթացքում չարտերային թռիչքները տարբեր ուղղություններով ավելանում են, շուկայում նոր ընկերություններ են հայտնվում։ Այս աշխուժացմանն էլ զուգահեռ լինում են մարդիկ, որ փորձում են օգտվել քաղաքացիների միամտությունից՝ մեկ կեղծ տոմսեր են վաճառում, մեկ էլ գումարը վերցնում, ոչ ավիատոմս են ամրագրում, ոչ էլ՝ հյուրանոցում սենյակ։
Ֆեյսբուքյան խմբերից մեկում գովազդ է տեղադրված՝ ըստ որի եգիպտական AlMasria ավիաընկերությունը հուլիսի 11-ից սկսում է թռիչքներ իրականացնել դեպի Շարմ էլ Շեյխ։ Պարզվում է, որ ընկերությունը մինչ այս պահը այդ ուղղությամբ թռիչքներ իրականացնելու համար թույլտվություն չունի։
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից հայտնեցին, որ ընկերությունը թույլտվություն ստանալու համար դիմել է հենց այսօր։
Կոմիտեի օդային փոխադրումների կարգավորման վարչության պետի տեղակալ Ստեփան Փայազլյանն ասաց, անցած տարիներին էլ ընկերությունը Հայաստանից թռիչքներ իրականացրել է, դրանով է պայմանավորված թույլտվության՝ նման սեղմ ժամկետում տրամադրելու հնարավորությունը։
«Ընկերությունը դիմել է հուլիսի 16-ից հոկտեմբերի 3-ը չվերթներ իրականացնելու համար»,-ասաց վարչության պետի տեղակալը։
Կոմիտեից չեն բացառում, որ ընկերությանը թույլտվությունը տրամադրվի այսօր կամ վաղը, չնայած դրա համար օրենքով 15-օրյա ժամկետ է սահմանված։
Հարակից հրապարակումներ`
- Կեղծ ավիատոմսեր՝ դեպի Եգիպտոս
- Գողացած մեղրամիսը, միլիոններն ու «Yerevan travel»-ի անհետացած նախկին աշխատակցուհին