Ցմահ դատապարտյալների հարազատները հավաքվել են կառավարության դիմաց
Ցմահ դատապարտյալների հարազատները հավաքվել են կառավարության դիմաց, նրանք պահանջում են վերանայել գործերը։ Հելսինկյան ասոցիացիայի նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցն ասաց, որ տարբեր տվյալներով այսօր 91 ցմահ դատապարտյալ կա։ Նա նշեց, որ նրանցից գրեթե բոլորի գործերը ժամանակին մեծ խախտումներով են լսվել, պետք է վերանայվեն։ Իրավապաշտպանի խոսքով, նրանց պահման պայմաններում 20 տարիների ընթացքում որևէ փոփոխություն չի եղել, ռեժիմը փոփոխելու որևէ հնարավորություն չեն ունեցել։
«Կա նոր օրենք, որը հնարավորություն է տալու փոփոխություններ կատարել ռեժիմներում, բայց ցմահ դատապարտյալների համար նույն ընթացակարգն է, որը նախատեսված է մյուս դատապարտյալների համար։ 20 և ավելի տարիներ անազատության մեջ գտնվող մարդիկ ստիպված են լինելու նոր ընթացակարգն անցել, ինչ նախատեսված է 5-6 տարվա համար։ Սա ազնիվ, համաչափ չէ, արդարացի չէ, իրենց համար ավելի թեթև ընթացակարգ պետք է ընտրվեր։ Համաներման ժամանակ կետ չընդունվեց ցմահների համար, խոստացան փոփոխություններ, նրանց հատուկ վերաբերմունք պետք է լինի։ Սա խոստացված փոփոխություններ էր, բայց, կարծում եմ, չարդարացավ»,- ասաց իրավապաշտպանը։
Նա ընդգծեց, որ հեղափոխությունից հետո սպասում էին ավելի գործուն, հստակ քայլերի։
«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների պաշտպանության» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը նորմալ է համարում ցմահ դատապարտյալների հարազատների պահանջները։ Նա նշեց, որ վերջերս ԱԺ ընդունած օրենքով նախատեսվում է ցմահների ռեժիմի փոփոխություն աստիճանական, բայց ցմահ դատապարտյալները պահանջում են իրենց գործերի վերանայում։
«Այդ աստիճականականը սահուն փոփոխություն չէ, մոտեցումները կարող են կամայական լինել, հստակ մեխանզիմներ չկան, ցմահների համար հստակ չէ։ Չինովնիկների կողմից կա կամայական մոտեցում, դրա համար նրանք այսօր պահանջում են գործերի վերանայում։ Մարդն, ով անմեղ է դատապարտված, այդ փոփոխությամբ այդ զգացումից չի ազատվի։ Եթե անգամ պատժից ազատվի, անարդարության զգացումը մնալու է իր հետ»,- ասաց իրավապաշտպանը։
Ժ. Ալեքսանյանի խոսքով, պետք է լսել ցմահ դատապարտյալներին, վերջին օրենքը, որ հաստատվել է, ցմահների կարծիքը չեն հարցրել, որևէ մեկը նրանց չի այցելել, հարազատների հետ չի խոսել, որևէ ՀԿ-ի հետ քննարկում չի եղել, ու ընդունում են մի օրենք, որն անհնասկանալի է, թե ինչպես է կիրառվելու։
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն մայրն ասաց, որ պետք է վերանայեն գործերը, «նստեն իսկական հանցագործները»։
«Այդքան ահազանգում են, որ մեր դատական համակարգը վատն է, կաշառակեր է, սխալ դատվածություններ են արել։ Դե շտկեք, սխալը վերանայեք»,- ասաց մեկ այլ ցմահ դատապարտյալի մայրը։
Ցմահ ազատազրկվածների հարազատները պատրաստվում են կազմել ներկայացուցչական խումբ և փորձել հանդիպել արդարադատության նախարարի հետ։
Հարակից հրապարակումներ`
- Զոհրաբյանը Զեյնալյանի ուշադրությունը կրկին հրավիրեց ցմահ ազատազրկվածների հարցի վրա
- Ցմահ դատապարտյալների նկատմամբ դրսևորվելու է անհատական մոտեցում. Արտակ Զեյնալյան
- ԱԺ-ի դիմաց պահանջում են՝ համաներումը տարածվի նաև ցմահ դատապարտվածների վրա
- Ավետիք Իշխանյան. Համաներումը պետք է տարածվի նաև զինվորական հանցագործությունների համար ցմահ դատապարտվածների վրա
- Հայաստանում ցմահ դատապարտյալը պայմանական ազատ է արձակվել
- Զեյնալյան. Կրկնապատկվել են ցմահ դատապարտյալների կարճատև տեսակցությունները