Հայտնի է Զոդի վթարի հետևանքով զոհված կնոջ ինքնությունը
Քննչական կոմիտեն ստացել է Զոդի վթարի հետևանքով զոհվածներից մեկի դիակի փորձաքննության արդյունքները։
«Դատագենետիկական փորձաքննության արդյունքում պարզվել է, որ մահացածը Երասխ գյուղի բնակիչ 1964 թվականին ծնված Սոֆյա Ոսկանյանն է»,-Panorama.am-ին ասաց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։
Հիշեցնենք, որ հուլիսի 6-ին՝ժամը 15:00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 54-րդ կիլոմետրի հատվածում՝ Արարատի մարզի Արարատ քաղաքի ՈԿՖ Բանավանի կամրջի վրա, միմյանց են բախվել «ԳԱԶԵԼ», «Տոյոտա Հիլուքս» և «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենաները, որի արդյունքում հրդեհ է բռնկվել «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայում, այնուհետև հրդեհը տարածվել է «Տոյոտա Հիլուքս» մակնիշի և «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենաներում, ինչի հետևանքով ստացած այրվածքներից «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և վերջինիս հինգ ուղևորները տեղում մահացել են, «ԳԱԶԵԼ»-ում գտնվող մյուս ուղևորները, ինչպես նաև «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորները՝ ընդհանուր թվով 11 մարդ, մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել բժշկական կենտրոններ:
Կատարված դեպքի վայրի զննությամբ «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայի սրահից հայտնաբերվել է 6 այրված դի. զննությամբ պարզվել է, որ 6 դիերից մեկն արական սեռի է, հինգը՝ իգական:
Վթարի հետևանքով այրված դիերը ներկայացվել են ճանաչման, որի արդյունքում պարզվել է, որ արական սեռի դին հանդիսանում է Արարատի մարզի Արարատ գյուղի բնակիչ, «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ ծնված 1962 թվականին, իգական սեռի դիերը հանդիսանում են Արմաշ գյուղի բնակչուհիներ՝ ծնված 1965թ. և 2003թ, Սուրենավան գյուղի բնակչուհիներ՝ ծնված 1996թ., 1999թ., մեկ իգական սեռի դիակի ինքնությունը պարզված չէր:
Հարակից հրապարակումներ`
- Վեց մարդու մահվան պատճառ դարձած ավտովթարի գործով «Տոյոտա Հիլուքս»-ի վարորդին մեղադրանք առաջադրվեց
- Վեց մարդու կյանք խլած ավտովթարի գործով ձերբակալվել է «Տոյոտա Հիլուքս»-ի վարորդը