Դիլիջանում ամփոփվել են «Արմաթ» ամառային տեխնոճամբարի առաջին հոսքի արդյունքները
Հուլիսի 1-10 Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանում անցկացվել է «Արմաթ» ամառային տեխնոլոգիական ճամբարի առաջին մասը՝ նախատեսված 10-13 տարեկան երեխաների համար։ Շուրջ 220 աշակերտ և 14 ջոկատավար Հայաստանի բոլոր մարզերից, այդ թվում՝ Արցախից ու Ջավախքից, մասնակցում էին ճամբարին։
«Արմաթ» տեխնոճամբարի կազմակերպիչների փոխանցմամբ, դրա ընթացքում դպրոցականները, որոնք մեծ մասամբ «Արմաթ»-ի սաներ են, նախապես կազմված թիմերով սովորել են Arduino հարթակի միջոցով ստեղծել խելացի LED լույսերի կառավարման համակարգ, տվիչների միջոցով ստանալ տարբեր տեսակի տվյալներ (հեռավորություն, լուսավորություն, գույներ և այլն)։ Ճամբարի ընթացքում նրանք նաև սովորել են ռոբոտ կոնստրուկտորներ հավաքել, ծրագրավորել: Թիմերի առջև վերջնական նպատակ էր դրվել պատրաստելու ինքնակառավարվող ռոբոտներ, մասնավորապես՝ սև գծին հետևող ռոբոտ։
Բացի ռոբոտատեխնիկական ուղղվածությունից` ճամբարը ներառում էր մշակութային և սպորտային բաղադրիչներ։ Ճամբարի ընթացքում աշակերտները սովորել են հայկական պարեր Գագիկ Գինոսյանի հետ և ծանոթացել ողջ մնալու արվեստին Վովա Վարդանովի խմբի հետ:
«Արմաթ» տեխնոճամբարի ավարտին տեղի ունեցավ գծին հետևող ռոբոտների եզրափակիչ մրցույթ, որին հաջորդեց հաղթող թիմերի մրցանակաբաշխությունը: Հաղթող թիմի բոլոր անդամներն ստացել են խելացի ժամացույցներ, իսկ լավագույնները՝ էլեկտրական սկուտերներ։ Թիմը ղեկավարող ջոկատավարը ստացավ պլանշետ: Երկրորդ տեղը զբաղեցրած թիմի բոլոր անդամներին տրվեցին սմարթ ժամացույցներ, իսկ ջոկատավարին՝ պլանշետ
Ճամբարին մասնակցում էին հետևյալ համայնքների դպրոցականները՝
Երևան, Արմավիր, Ռանչպար, Նորակերտ, Դամալա, Քարվաճառ, Արտենի, Ագարակ (Սյունիք), Ագարակ (Արագածոտն), Մաստարա, Աշնակ, Ագարակավան, Կաքավաձոր, Դիլիջան, Սոթք, Ճամբարակ, Գավառ, Նորատուս, Ակունք, Գյումրի, Սարատակ, Հայկավան(Շիրակ), Վահրամաբերդ, Հադրութ, Քաջարան, Կովսական, Ասկերան, Մարտակերտ, Սոս, Լորուտ, Արևածագ, Մեծ Այրում, Վանաձոր, Այգեպար, Չորաթան, Իջևան, Արտաշատ, Հարթավան, Լուսագյուղ, Բերձոր, Մարտունի (Արցախ), Իշխանաձոր, Վարդենիս, Դրախտիկ, Վահան, Կաթնաղբյուր, Ապարան:
Հիշեցնենք, որ 2019 թվականի հուլիսի 11-19 Դիլիջանի Մոնթե Մելքոնյան ռազմամարզական վարժարանում կկայանա «Արմաթ» ամառային տեխնոլոգիական ճամբարի 2-րդ հոսքը՝ այս անգամ նախատեսված 14-17 տարեկան պատանիների համար:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան