Ֆինանսական միջոցներ՝ գիտական և մշակութային ենթակառուցվածքների արդիականացման ու զարգացման համար
Կառավարությունը որոշել է փոփոխություններ կատարել «ՀՀ 2019 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում և 448,000.0 հազար դրամ հատկացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեին:
Որոշմամբ նախատեսվում է պետական բյուջեի եկամուտների ավելացման հաշվին 420000.0 հազ. դրամի չափով իրականացնել ֆիզիկայի, մոլեկուլային ֆիզիկայի, քիմիայի, ռադիոէլեկտրոնիկայի, հայագիտության ոլորտների համար 7 սարքի և սարքավորման ձեռքբերման ներդրումային ծրագրեր և 28000.0 հազ. դրամի չափով Միջգիտակարգային տվյալների կենտրոնի ստեղծում: Համակարգային ծրագրերի իրականացումը հնարավորություն կընձեռի արդիականացնել և ստեղծել գիտության ոլորտի նոր գիտանորարարական ենթակառուցվածքներ, բարձրացնել գիտական սարքավորումների օգտագործման արդյունավետությունը, օպտիմալացնել գիտական սարքավորումների պահպանմանը հատկացվող ֆինանսական ծախսերը:
Վարչապետ Փաշինյանը, կարևորելով որոշման ընդունումը, նշել է. «Ես ուզում եմ մի նորության մասին էլ խոսենք: Երբ մեր պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվում էր Սինգապուրում, Հայաստանից շատ կարևոր նորություն ստացանք, որին մի պահ ես նույնիսկ դժվար էի ուզում հավատալ, որովհետև այդ հարցն այնքան քննարկվել էր, 10 և ավելի տարվա վաղեմություն ունի, որ ինձ թվում էր, թե սա անլուծելի հարց է: Խոսքը այն մասին է, որ հունիսի 12-ից սկսել է աշխատել Ֆիզիկայի ինստիտուտի տարածքում գտնվող ցիկլոտրոնը, և երկու շաբաթ առաջ ստացվել է 18 F բժշկական իզոտոպը, որն օգտագործվում է ախտորոշման համար: Սա իսկապես շատ լավ նորություն է, բայց այստեղ նաև խնդիր ունենք շարունակելու աշխատանքը, որպեսզի ցիկլոտրոնի ինստիտուցիոնալ առումով ենթակայության հարցը ճիշտ լուծենք, որպեսզի այն կարողանա ոչ միայն բժշկական հարցերով զբաղվել, այլև գիտական»:
Հարցի վերաբերյալ ծավալվել է քննարկում տարբեր գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ վերջին մեկ տարվա քաղաքականության ամբողջ իմաստն այն է եղել, որ պետք է համատեղել գիտությունն ու հետազոտությունը, և մինչև հիմա հիմնական խնդիրներից մեկն էլ այն է եղել, որ գիտությունը և պրակտիկան տարբեր ուղղություններով են գնացել: «Սա շատ լավ շանս է՝ մեր քաղաքական դիրքորոշումն իրագործելու համար: Պետք է կոմպլեքս լուծում գտնենք, որ և՛ գիտությունը, և՛ առողջապահությունը շահեն դրանից, և, ի վերջո, պետք է նաև կոմերցիոն տրամաբանություն փորձենք աշխատեցնել, որպեսզի առնվազն իր եկամուտների մի էական մասը գեներացնի: Կարծում եմ, որ այս ցիկլոտրոնի նորմալ աշխատանքը կարևոր է թե՛ կրթության, թե՛ գիտության, թե՛ առողջապահության, և թե՛ տեխնոլոգիաների զարգացման ոլորտի համար», - ասել է Նիկոլ Փաշինյանը:
Մեկ այլ որոշմամբ գործադիրը փոփոխություններ է կատարել «ՀՀ 2019 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում կատարել և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը ՀՀ 2019 թ. պետական բյուջեի հարկային եկամուտներից հատկացնել 690,688.3 հազար դրամ: Գումարը նախատեսվում է ուղղել 6 մշակութային կազմակերպությունների՝ «Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն» ՊՈԱԿ, «Գորիսի Վ. Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոն» ՊՈԱԿ-ի, «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի, «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ի, «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ Ա. Սարգսյան և Հ. Կոջոյան տուն-թանգարանի, «Հ. Թումանյանի թանգարան» ՊՈԱԿ-ի շենքային պայմանների բարելավմանը, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում «Բաղնիք» և «Խճանկար» հուշարձանների նորոգմանը և ամրակայմանը, ինչպես նաև հուշարձանախմբերի կամ առանձին զբոսաշրջային գրավչության տարածքնե¬րում QR կոդերով բազմալեզու ցուցանակների տեղադրմանը: Որոշման նպատակը 6 մշակութային կազմակերպությունների՝ թանգարանների և թատրոնների բնականոն գործունեության ապահովումն է, ինչպես նաև հանրապետության հուշարձանների պահպանման, օգտագործման, հանրահռչակման և զբոսաշրջային գրավչության բարձրացումը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուրախալի է համարել որոշման ընդունումը և միաժամանակ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի ուշադրությունը հրավիրել այն հարցի վրա, որ մշակութային հաստատությունները նույնպես պետք է ակտիվ գործունեություն ծավալեն:
«Մենք հիմա խոսում ենք զբոսաշրջության աճի մասին, մենք ծրագրեր ենք իրականացրել, որով ապահովում ենք երեխաների, դպրոցականների այցելությունները թատրոններ, թանգարաններ, համերգասրահներ, և մենք այսպիսի կապիտալ ծախսեր ենք իրականացնում մշակութային օջախներում, թանգարաններում, թատրոններում և այլն: Բայց մենք պետք է նաև այդ մշակութային օջախների առաջ խնդիր դնենք, որ նրանք ապրեն ավելի ակտիվ կյանքով: Պետք է ունենան ծրագիր՝ այցելությունների թիվը, տոմսերի վաճառքների թիվը, սեփական եկամուտներն ավելացնելու: Անցած տարի, երբ ես ուզեցի թանգարանների այցելությունների վիճակագրությունը, տեսա, որ մեր երկրում կան թանգարաններ, որ, կարելի է ասել, գործնականում մարդ չի այցելում, և այդտեղից հարց է ծագում՝ ինչո՞ւ ենք մենք պետական բյուջեից միջոցներ վատնում թանգարան պահելու համար, որտեղ մարդ չի այցելում: Այսինքն՝ եթե թանգարան է, կանխավարկածն այն է, որ այդտեղ պահվում են ցուցանմուշներ, որոնք կարևոր են և ունեն հետաքրքրություն: Մենք այստեղ պետք է շատ ուշադիր լինենք, թանգարանային ոլորտում, իմ կարծիքով, պետք է շատ լուրջ, շատ խիստ քաղաքականություն վարենք՝ նաև հետագայի առումով, որովհետև իսկապես պետք է այդ օջախները գործեն, ապրեն և գեներացնեն եկամուտներ: Պետք է լինեն կրեատիվ մարդիկ, ովքեր կարողանան թանգարանները և մշակութային օջախներն իսկապես դարձնել մշակութային կյանքի կենտրոններ», - նշել է կառավարության ղեկավարը:
Վարչապետը նաև հավելել է, որ պետք է նաև հակառակն էլ արձանագրել, որ Հայաստանում կան մի քանի թանգարաններ, որոնք մարդկանց մշտական հոսքեր են ապահովում, և մարդկանց այցելությունները դեպի այդ թանգարաններ գնալով շատանում են: Պետք է այդ փորձն ուսումնասիրել, ինստիտուցիոնալ դարձնել և տարածել այլ թանգարանների և մշակութային օջախների վրա: