Տոկիո-2020-ի մեդալների արտադրության համար անհրաժեշտ մետաղները հավաքվել են
Տոկիո-2020-ի կազմկոմիտեն հայտարարել է, որ Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի 5000 մեդալների արտադրության համար անհրաժեշտ մետաղների ամբողջ քանակը հավաքվել է: Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը։
Երկու տարվա ընթացքում բջջային հեռախոսներից, համակարգիչներից և այլ տեխնիկաներից արդյունահանվել է 32 կիլոգրամ ոսկի, 3,5 տոննա արծաթ և 23 ցենտներ բրոնզ:
Անհրաժեշտ քանակն ապահովելու համար օգտագործվել է 6 մլն հին էլեկտրոնիկա: Հետաքրքիրն այն է, որ մարզիկներից ինչ-որ մեկը կստանա ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախի հեռախոսից ստացված մեդալը: Վերջինս սեփական հեռախոսը նվիրաբերել էր ի նշան բնապահպանական նախաձեռնության աջակցության:
Միջազգային օլիմպիական կոմիտեի պահանջների համաձայն՝ ամենաբարձր պարգևը պետք է արծաթե հիմք ունենա և պարունակի առնվազն 6 գրամ մաքուր ոսկի:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ Տոկիո-2020-ի պատվոհարթակները պատրաստվելու են վերամշակված պլաստիկից: 100 այդպիսի պատվոհարթակի արտադրության համար անհրաժեշտ է 100 տոննա թափոն: