ԵԽ մարդու իրավունքների հարցով հանձնակատարը դժգոհ է Ադրբեջանում խոսքի ազատության վիճակից
«Ադրբեջանում արտահայտվելու ազատությունը շարունակում է մնալ սպառնալիքի տակ»,- ասել է ԵԽ մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Դունյա Միյատովիչը՝ Ադրբեջան չորսօրյա այցելությունից հետո։
Հիշատակելով Կառավարության քննադատների, ակտիվիստների և իրավապաշտպանների կալանավորումների վերաբերյալ ՄԻԵԴ վիճռները՝ հանձնակատարը կարևորել է հանգամանքը, որ «իրենց տեսակետները հայտնելու համար կալանավորված բոլոր անձանց ազատ արձակումը պետք է մնա առաջնահերթություն»։ Նա վերահաստատել է նաև զրպարտանքը ապաքրեականացնելու կոչը»
Հանձնակատարը բարձրացրել է նաև լրագրողների, քաղաքական ակտիվիստների ու իրավապաշտպանների նկատմամբ կիրառվող ճամփորդական արգելքի խնդիրը։ Փաստաբանների խնդրի հետ կապված հանձնակատարը նշել է, որ Ադրբեջանում 100 000 բնակչին հասնող փաստաբանների թվով ամենացածրն է ԵԽ անդամ երկրների շարքում։
Դունյա Միյատովիչն անդրադարձել է նաև ներքին տեղահանվածների հարցին։ Նա գովել է իշխանությունների ձեռնարկած քայլերը, բայց միաժամանակ կարևորել է նրանց համար կենսապայմաններ ապահովելու կարևորությունը։
Հանձնակատարը վերահաստատել է Լեռնային Ղարաբաղում հակամարտության խաղաղ կարգավորումը, ինչը հնարավորություն կտա ներքին տեղահանված անձանց, ովքեր ցանկանում են վերադառանալ, դա անել՝ կամավորության հիմքով, անվտանգ ու արժանապատիվ։ Այցի ամբողջական զեկույցը կլինի առաջիկայում։