ԱԱԾ. Երեք ամսում կանխվել է պետական սահմանի խախտման 34 փորձ
Այս տարվա երկրորդ եռամսյակում ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումների կողմից կանխվել է ՀՀ պետական սահմանի խախտման 34 փորձ՝ 50 անձի մասնակցությամբ: Նման տվյալներ է հրապարակել ԱԱԾ մամուլի կենտրոնը։
Ըստ աղբյուրի, նույն ժամանակում բացահայտվել է սահմանային ռեժիմի խախտման 24 դեպք (45 անձ) և ՀՀ պետական սահմանի անցման կետի ռեժիմի խախտման 4 դեպք (5 անձ)։
Նշված ժամանակահատվածում պետական սահմանի անցման կետերում հայտնաբերվել և սահմանված կարգով ՀՀ ոստիկանության ստորաբաժանումներ են հանձնվել հետախուզման մեջ գտնվող 545 անձ, ինչպես նաև տարբեր վարչական իրավախախտումներ կատարած, ընդհանուր թվով 4804 անձ, ովքեր ՀՀ ոստիկանության կողմից ենթարկվել են վարչական պատասխանատվության։