Արցախի ԱԳՆ-ն ողջունում է ԱՄՆ կոնգրեսական Ջուդի Չուի ներկայացրած փոփոխության ընդունումը
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ողջունում է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից «Ազգային պաշտպանության բյուջետային հատկացումների մասին» օրենքում կոնգրեսական Ջուդի Չուի ներկայացրած փոփոխության ընդունումը, որը վերահաստատում է «Էնգել-Ռոյս նախաձեռնության» կարևորությունը՝ միտված Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի միջև շփման գծում լարվածության թուլացմանը։
Մասնավորապես, փաստաթուղթը նախատեսում է շփման գծից դիպուկահարների, ծանր զինտեխնիկայի և նոր զինատեսակների հետքաշում, ինչպես նաև հրաձգությունների տեղորոշման համակարգերի ներդրում և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի անձնակազմի ընդլայնում։ Այս մասին նշված է ԱՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Սարգսյանի մեկնաբանության մեջ։
«Համոզված ենք, որ հրադադարի ռեժիմի հետևողական ամրապնդումը, այդ թվում՝ միջազգային վերահսկման մեխանիզմների ներդրման միջոցով, կնպաստի խաղաղ կարգավորմանն ուղղված արդյունավետ բանակցությունների համար բարենպաստ մթնոլորտի ստեղծմանը։
Արցախյան կողմը բազմիցս ընդգծել է խաղաղ գործընթացը շարունակելու համար պայմանների ստեղծման կարևորությունը և հանդես եկել շփման գծում լարվածության թուլացման և վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման վերաբերյալ տարբեր կառուցողական նախաձեռնություններով։ Որպես վերջին օրինակներից մեկը կարելի է նշել պաշտոնական Ստեփանակերտի պատրաստակամությունը՝ միջազգային միջնորդներին տրամադրել արցախյան կողմի տեղադրած սահմանային իրավիճակի տեսահսկման համակարգի տվյալները։ Ավելին, շփման գծի մշտական տեսադիտարկման տվյալ համակարգը կարող է դառնալ հրադադարի ռեժիմի վերահսկման միջազգային մեխանիզմի բաղկացուցիչ մաս։
Դժբախտաբար, ադրբեջանական կողմը հետևողականորեն մերժում է ինչպես արցախյան կողմի, այնպես էլ միջնորդների կողմից արված առաջարկությունները՝ միտված ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության նվազեցմանը, այդ թվում՝ ԱՄՆ կոնգրեսականներ Էդ Ռոյսի և Էլիոտ Էնգելի նախաձեռնությունը, որն ԱՄՆ Կոնգրեսում երկու կուսակցությունների կողմից մեծ աջակցություն ստացավ։
Հուսով ենք, որ կոնգրեսական Ջուդի Չուի կողմից ներկայացված փոփոխությունը նոր խթան կհանդիսանա «Ռոյս-Էնգել առաջարկությունների» իրականացման համար»,- նշել է մամուլի քարտուղարը։