Հավելյալ անվճար տեղեր` անցողիկ շեմն հաղթահարած հավասար միավորներ ունեցող դիմորդների համար
Հանրապետական ընդունող հանձնաժողովը, նախարար Արայիկ Հարությունյանի առաջարկությամբ, որոշում է կայացրել հատկացնել հավելյալ տեղեր` ելնելով ընդունելության մրցույթում բոլոր դիմորդների համար հավասար պայմաններ ապահովելու սկզբունքից:
ԿԳ նախարարությունից հայտնում են, որ բոլոր դիմորդները, ովքեր անվճար համակարգ ընդունվելու համար հաղթահարել են մրցույթի անցողիկ նվազագուն շեմը և ունեն հավասար միավորներ, կընդունվեն անվճար համակարգ:
Նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ այդ նպատակով կհատկացվեն հավելյալ անվճար տեղեր` թափուր տեղերի վերաբաշխման հաշվին:
Ընդունող հանձնաժողովի որոշմամբ արվեստի բուհերին թույլատրվել է իրենց հատկացված անվճար տեղերի շրջանակում կատարել վերաբաշխում:
Քննարկվել են նաև կառավարության հատկացրած պահուստային տեղերի շրջանակում նպատակային ընդունելության, մասնավորապես Արցախի և Մեղրիի համար հատկացված տեղերի, ինչպես նաև «ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգի» 105-108-րդ կետերով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդների հարցերը (զոհված զինծառայողների երեխաներ, 1-ին և 2-րդ խմբերի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամներ, առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ և այլն):
Հանրապետական ընդունող հանձնաժողովի որոշմամբ բուհերն ընդունելության ցուցակները կհրապարակեն հուլիսի 14-ին ժամը 20:00-ին: