Ռուբեն Հակոբյան. Հայաստանը հայտնվել է դավադրությունների ճիրաններում
«Մեկ տարի առաջ Հայաստանում կատարվածն ընդամենն իշխանափոխությունն էր։ Այն, ինչ կատարվեց, կամ իսկապես Հայաստանից դուրս ինչ-որ գրասենյակում գրված սցենար էր, կան գրասենյակներ, որտեղ գրանտներ են բաժանում, այդտեղ է գրված, կամ Հայաստանում ներիշխանական դավադրություն էր, կամ բոլորը միասին»,- «Ներքաղաքական զարգացումներն ու Ստամբուլյան կոնվենցիա» թեմայով քննարկմանն ասաց «Ակունք» կենտրոնի տնօրեն Ռուբեն Հակոբյանը։
Նրա խոսքով, այն, ինչ կատարվել է Հայաստանում, ծանոթ լինելով Հայաստանի օրենքներին, օրենսդրությանը, միջազգային կառույցների նորմերին, սովորական տրամաբանության մեջ չի տեղավորվում։
«Իրականությունն այն է, որ Հայաստանում իշխանության եկած նոր ուժը կամ անձը, ես այդպես եմ ասում, քանի որ քաղաքական իշխանություն, քաղաքական կառույցներ որպես այդպիսին դե ֆակտո չկա, կա մեկ անձի իշխանություն, չունենալով հստակ ծրագիր, ուղղակի սպառնում է պետության անվտանգությանը։ Պետությանը դարձել է ազդեցության գործակալ բոլոր այն գերտերությունների, ուժերի համար, որոնք որոշակի շահեր ունեն մեր տարածաշրջանում։ Հաշվի առնելով, որ Հայաստանն իսկապես խաչմերուկ է ոչ միայն աշխարհագրական, նաև քաղաքակրթական, շատ ուժեր կան, որոնք ունեն հետաքրքրություններ։ Չպետք է մեղադրել որևէ պետության, քաղաքական ուժի, որը օգտվելով իշխանությունների անծրագիր, անհասկանալի, իրադարձային քաղաքականությունից, կարող են իրականացնել իրենց ծրագրերը։ Չպետք է մեղադրել մեր ռազմավարական դաշնակցին, որն ինչ-որ տեղ կարող է օգտվել իշխանությունների ինչ-որ տեղ իրենց համար ոչ հասկանալի, երբեմն հակասող քաղաքականությունից։
Վարվող անհասցե, սիրողական արտաքին քաղաքականության պատճառով ոչ միայն չենք կարողացել ավելացնել մեր բարեկամների թիվը միջազգային հարթակներում, մենք կորցրեցինք կամ առնվազն սառեցրեցինք հարաբերություննեը մեր հիմնական դաշնակիցների հետ։
Իշխանությունների գերնպատակը իշխանությունը պահելն է։ Նորմալ քաղաքական ուժերն իշխանությունը պահում են ծրագրերի իրականացմամբ, ժողովուրդն ընդունում է այդ ծրագիրը, բայց մեր իշանությունն ունի՞ այդ ծրագիրը։ Իշխանությունը պահելու միակ ռեսուրսն ատելությունն է, չարությունը, ժողովրդին ճամբարների բաժանելը»,- ասաց Ռ. Հակոբյանը։
Նա ընդգծեց, որ Հայաստանը հայտնվել է դավադրությունների ճիրաններում, որոնք ոչ միայն արտաքին աշխարհից են գալիս, նաև հենց Հայաստանի ներսում են։ Ռ. Հակոբյանի խոսքով, այսօր դավադրություններ կազմակերպող, դավադրության տեսության հեղինակները բավականին լուրջ դերակատարություն ունեն Հայաստանի քաղաքական դաշտում. «Չեմ սիրում անուններ տալ, բայց այդ դեպքում կտամ։ Հայաստանում կա մի սիմվոլ, որն իսկապես և դավադրությունների լավագույն մասնագետներից մեկն է, և այս պետության ողնաշարը սղոցողներից մեկը, այսօր դարձել է գլխավոր խորհրդատու և այդ դավադրություններն իրականացնող հիմնական ծրագրավարողը, Գագիկ Ջհանգիրյանը»։
Նա նշեց, որ այնքան շատ են մարտահրավերները, ծառացած խնդիրները, որ անհրաժեշտ է քաղաքական ուժերի, գործիչների համախմբում, միայնակ դժվար կլինի պայքարել։
Հարակից հրապարակումներ`
- Ռուբեն Հակոբյան. Նիկոլ Փաշինյան վարչապետը դաժանորեն պատժում է Նիկոլ Փաշինյան ընդդիմադրին
- Կուչ եկած քաղաքացին չի տեսնում, որ վաղը կարող է վերմակը երկարել. Ռուբեն Հակոբյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին