«Ոսկե ծիրան». Լարիսա Կորիվուն տպավորված է Հայաստանով ու հայկական ընդունելությամբ
Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 16-րդ կինոփառատոնի լիամետրաժ ֆիլմերի մրցույթում ընդգկված է կանադայի ռեժիսոր Դընի Կոտեի «Անհետացած քաղաքների հավաքածու» ֆիլմը։ Ֆիլմի դերասանուհի Լարիսա Կորիվուն Երևանում է։
«Ռեժիսորը սիրում իր ֆիլմերում հարցեր տալ, ոչ թե պատասխաններ։ Ահա թե ինչու յուրաքանչյուր հանդիսատես կարող է յուրովի բացատրել, մեկնաբանել ֆիլմը: Ինձ համար այս ֆիլմը վերաբերում է այն վախին, որն առաջանում է անհասկանալի, անբացատրելի բաներից»,- լրագրողների հետ հանդիպման ասաց դերասանուհին։
Նա նշեց, որ շատ հետաքրքիր էր համագործակցել ռեժիսոր Դընի Կոտեի հետ։
«Այս ռեժիսորը քասթինգ չի անում, նկարներով է ընտրում, ինձ էլ Ֆեյսբուքով է ընտրել։ Նա սիրում է դերասանների անսպանելի ընտրություն անել։ Ֆիլմում հոր կերպարը շատ դրամատիկ կերպար է, բայց նա ընտրել է հումորիստի, որն այս դերը կատարի»,- ասաց Լարիսա Կորիվուն։
Խոսելով իր կերպարի մասին` Լ. Կորիվուն ասաց, որ Ադելը վախենում է ամեն ինչից. «Ռեժիսորն ասաց այնպես անեմ, որ կերպարը չվերածվի գյուղական խեղկատակի․ երկու կանոն կար, որին պետք է հետևեի՝ խոսելիս դադարներ չտայի և աչքերս անընդհատ թարթեի»։
Սա կինոյում Լ. Կորիվուի առաջին մեծ դերն է, հիմնականում թատրոնի դերասանուհի է։
«Այս դերի միջոցով սովորեցի շատ չվերլուծել կերպարը, կերպարին մոտենալ ըստ դերասանուհու բնազդի»,- ասաց նա։
Դերասանուհին նշեց, որ ֆիլմը ցուցադրվել է նաև Բեռլինի միջազգային կինոփառատոնում, քննադատները լավ կարծիք են հայտնել։
Լ. Կորիվուի առաջին անգամ է Հայաստանում։
«Արդեն տաս տարի ուզում էի գալ Հայաստան, չէր ստացվում։ Երբ ռեժիսորն ասաց, որ չի կարող գալ, ես ասացի, որ իրերս կհավաքեմ ու կգնամ։ Շատ տպավորված եմ Երևանով, ցուցաբերված ջերմ ընդունելությամբ, միջոցառումներով։ Եղել եմ Փարաջանովի թանգարանում, տպավորված եմ նրա արվեստով։ Մարդիկ այստեղ հպարանում են իրենց մշակույթով»,- ասաց դերասանուհին։
Ֆիլմի մասին
215 բնակիչ ունեցող Իրենե-լե-Նեժ մեկուսի փոքրիկ քաղաքում ավտովթարի հետևանքով մեռնում է Սիմոն Դյուբեն: Ցնցված բնակիչները դժկամությամբ են քննարկում ողբերգության հանգամանքները: Դրանից հետո Դյուբե ընտանիքի, ինչպես և քաղաքապետ Սմոլվուդի ու մի խումբ մարդկանց համար ժամանակը կարծես կորցնում է իմաստը, և օրերը ձգվում են անվերջ: Ինչ-որ բան է դանդաղորեն իջնում քաղաքի վրա. ողբի այդ օրերին մշուշի մեջ օտարականներ են սկսում երևութանալ: Ովքե՞ր են նրանք: Ի՞նչ է կատարվում:
Հիշեցնենք, որ «Ոսկե ծիրան» կինոփառատոնը մեկնարկել է հուլիսի 7-ին։ Միջազգային կինոփառատոնն աշխարհի տարբեր երկրներից ստացել է մասնակցության ավելի քան 740 հայտ, ինչպես նաև աշխարհի հեղինակավոր կինոփառատոներից՝ Կաննից, Բեռլինից, Ռոտերդամից, ընտրվել են մի շարք կինոնկարներ: Փառատոնն ունի միջազգային լիամետրաժ (խաղարկային և վավերագրական) մրցութային ծրագիր, որը ներառում է 12 ֆիլմ ավելի քան 17 երկրներից և կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցույթ, որը ներառում է 25 ֆիլմ՝ Հայաստանից, Թուրքիայից, Իրանից և Վրաստանից:
Հարակից հրապարակումներ`
- «Ոսկե ծիրան». Երբ հավատում են հրաշքի
- «Ոսկե ծիրան». Ըմբոստ մեքսիկուհին՝ «Գիեդանիի պորտ»-ից
- «Ոսկե ծիրան». Հնարավոր է Գյումրիում գտնել երջանկություն
- «Ոսկե ծիրան». Կինոռեժիսոր Ալեքսանդր Մինդաձեին հանձնվել է «Եղիցի լույս» մրցանակ
- «Ոսկե ծիրան». Դարյա Շումակովան սիրահարված է Հայաստանի հոգևոր գեղեցկությանը
- «Ոսկե ծիրան». «Աստված գոյություն ունի, անունն էլ՝ Պետրունյա»
- «Ոսկե ծիրան». Չինացի ռեժիսորը ցանկացել է ցույց տալ, որ սերը բոլորի համար է
- Ռալֆ Յիրիկյան. «Ոսկե ծիրանը» բարձր նշաձող է սահմանել ոչ միայն մեր, այլև կինոփառատոնային արվեստը գնահատող այլ երկրներում
- «Ոսկե ծիրանի» մեկնարկը տրված է
- «Ոսկե ծիրանը»-ը կմեկնարկի Չուն-հո Պոնի «Մակաբույծը» ֆիլմով
- Հուլիսի 7-ին կմեկնարկի «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնը
- «Ոսկե ծիրանի» ազդագրային արվեստը
- «Ոսկե ծիրան». «Տիտանիկի» դերասանների հետ աշխատած մասնագետը կգա Հայաստան
- «Ոսկե ծիրանը»՝ ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների գնահատմամբ
- «Ոսկե ծիրանի» ֆիլմերն ու ժյուրին
- Պեդրո Ալմոդովարը կստանա պատվավոր «Ոսկե առյուծ»
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում