«Փաստ». Դեռևս չկա այդքան շահարկված վեթինգի կամ անցումային արդարադատության մասին փաստաթուղթը, և չի էլ լինելու
«Փաստ» թերթը գրում է. «Գնալով ավելի մեծ թափ են ստանում խոսակցությունները, որ եկող տարի տեղի է ունենալու սահմանադրական հանրաքվե: «Փաստ» թերթի տեղեկություններով, այս նախաձեռնության հիմնական կանոնակարգումները մշակվելու են ոչ այնքան ՔՊ գրասենյակում, որքան ՀԱԿ իրավաբանների կողմից, որոնք այս թեմայի հետ կապված հրավիրել են նաև միջազգային փորձագետների:
Մեր աղբյուրները պնդում են, որ սրա հետ է կապված նաև այն հանգամանքը, որ դեռևս չկա այդքան շահարկված վեթինգի կամ անցումային արդարադատության մասին փաստաթուղթը, և տեղեկությունների համաձայն՝ չի էլ լինելու:
«Անցումային» կոչված արդարադատության մասին իշխանությունների առաջ քաշած թեզը գոնե այս պահին աստիճանաբար դուրս է մնում, և նախատեսվում է այդ հարաբերությունները ուղղակի կանոնակարգել նոր Սահմանադրության մեջ, իսկ որոշ ռիսկային հարցեր թողնել անցումային դրույթներում։
Որոշ փորձագետներ մտահոգություն ունեն, որ այսկերպ հիմա էլ այս իշխանություններն են փորձում Սահմանադրությունը հարմարեցնել իրենց՝ ընթացիկ նպատակները կյանքի կոչելու, իսկ հետագայում էլ հեշտ վերարտադրվելու համար»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: