Գոշավանքը պահպանության խնդիր ունի
2019թ․-ի առաջին վեց ամիսների ընթացքում արձանագրվել է 19 իրավախախտում՝ գանձախուզություն, անօրինական թաղումներ, ինքնակամ շինություններ, հողաքանդման աշխատանքներ, վանդալիզմ։ Դրանից 5-ը` Սյունիքի մարզում է արձանագրվել: Տվյալները ներկայացնում է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը՝ ամփոփելով 2019 թ․ առաջին կիսամյակը։
ՊՈԱԿ-ի հաղորդմամբ, մարզային ծառայությունների, արգելոցների ու արգելոց-թանգարանների պատասխանատուները իրավախախտումների դեպքերը բացահայտելու նկատառումով սերտորեն համագործակցել են իրավապահների հետ։ Խնդրահարույց ու կարևոր հարցերի շարքում՝ հուշարձանների պահպանական գոտիների բացակայությունն ու անճշտություններն են:
«Գոշավանք» պատմաճարտարապետական արգելոցի վարիչն անդրադարձել է անհատույց ու անժամկետ օգտագործման իրավունքով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին հանձնված հուշարձանին: Այն պահպանության խնդիր ունի՝ քարեր են թափվում:
Արագածոտնի մարզում գտնվող «Ամբերդ ամրոց»-ի վարիչ՝ Խաչիկ սարկավագ Վարդանյանը խոսել է անվտանգության կանոնները խախտող ու հուշարձանի վրա բարձրացող զբոսաշրջիկների մասին:
««Էքստրիմ»-ի սիրահար տուրիստները հաճախ ամենաբարձր տեղը, որտեղ եռագույնն է ծածանվում հասնում են հենց ուղեկցող տուրօպերատորների «խորհրդով», ինչը շատ վտանգավոր է: Չեն օգնում նույնիսկ տեղադրված ցուցանակները, մեր բանավոր հորդորները: Հնարավոր անցանկալի դեպքերից խուսափելու համար՝ պետք է լուծում գտնել», – ասել է Խ. Վարդանյանը:
Գոշավանքը հիմնադրվել է միջնադարի նշանավոր հոգևոր գիտնական, առակագիր և իրավագետ Մխիթար Գոշի կողմից՝ Հին Գետիկի վանքի տեղում, որը հիմնահատակ ավերվել էր 1186 թ. երկրաշարժից: Համալիրի կազմավորումն սկսվել է XII դ. վերջին և ամբողջացել շուրջ հարյուր տարվա ընթացքում, այդ պատճառով էլ իր կազմի մեջ մտնող հուշարձանների ճարտարապետությամբ ավելի միասնական է: Սկզբնապես կոչվել է Նոր Գետիկի վանք, ապա ժառանգել է իր հիմնադրի անունը՝ Գոշավանք:
Գոշավանքը եղել է միջնադարի հոգևոր մշակույթի և գրչության համբավավոր կենտրոններից մեկը: Այստեղ գործող վարդապետարանում ուսուցանել են նաև իրավագիտություն ու պատմագիտություն, փիլիսոփայություն, ինչպես նաև արվեստներ (ճարտասանություն, մանրանկարչություն, երաժշտություն, գրչարվեստ): Այստեղ ուսանած հոգևոր գործիչները (Վանական Վարդապետը, Կիրակոս Գանձակեցին և այլք), շարունակելով իրենց դպրոցի ավանդույթները, այնուհետև իրենք են այլ տեղերում ստեղծել հոգևոր դպրոցներ:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին