Հայկական գինին Ռուսաստանում կփոխարինի՞ վրացականին
Ռուսաստանի և Վրաստանի հարաբերություններում առաջացած ճգնաժամի պատճառով չի բացառվում, որ արգելվի վրացական գինու ներմուծումը Ռուսաստան։
Գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանի հետ զրույցում Panorama.am-ը փորձեց պարզել՝ ինչպես այդ իրավիճակը կանդրադառնա Հայաստանի վրա և հայկական գինիները կարո՞ղ են փոխարինել վրացականին։
Գինեգործի խոսքով՝ հայկական և վրացական գինիները գտնվում են տարբեր շուկաներում, տարբեր գնային սեգմենտներում և մեկի բացակայությունը մյուսի մեծ ազդեցություն չի ունենա։
«Եթե Ռուսաստանը հրաժարվի վրացական գինուց, հայկական գինիները չեն կարող այդ բացը լրացնել։ Իրականում այդ արգելքի հետևանքով կարող է մինչև 5-6 մլն շիշ գինի ավելի արտահանելու հնարավորություն ստեղծվի, բայց մենք այդքան գինի և խաղող չունենք։ Պարզապես հնարավոր է՝ 1-2 մլն շիշ ավելի գինի արտահանենք»,- ասաց Ավագ Հարությունյանը՝ հավելելով, որ եթե Ռուսաստանի և Վրաստանի միջև խնդիր էլ չլիներ, արտահանման աճ՝ 1-2 մլն շշի չափով, էլի կունենայինք, քանի որ ռուսական շուկայում մեծ պահանջարկ ունի հայկական արտադրության գինին։
Վերջին տարիներին, ըստ նրա, գինեգործությունն արագ տեմպերով զարգանում է, միայն վերջին 2-3 տարիներին արձանագրվում է արտադրության և արտահանման 20-30 տոկոսի կայուն աճ։
Ավագ Հարությունյանի խոսքով՝ դրան հասել են երկար տարիների քրտնաջան աշխատանքի շնորհիվ։ «Գինին 2008-2009 թթ-ից դուրս է եկել քաղաքական դաշտից, դրա համար լուրջ առաջընթաց ունենք։ Այսօր կարող ենք վստահ ասել, որ հայկական գինին իր որակով չի զիջում աշխարհի լավագույն գինիներին։ Հայկական գինիներով արդեն բավական ճանաչելիություն ունենք։ Մեր խնդիրն այսօր ոչ թե որակն է, այլ քանակը»,- ասաց գինեգործը։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան