Հայտնաբերվել է Կուբրիկի երեք չհրապարակված սցենարներ
Մեծ Բրիտանիայում հայտնաբերվել է ամերիկացի և բրիտանացի կինոռեժիսոր, սցենարիստ Սթենլի Կուբրիկի երեք չհրապարակված սցենար։ Լենտա.ռու-ն, հղում անելով The Guardian-ին, գրում է, որ ձայնագրություններն արվել են 1954-1956 թվականներին։ Դրանք ստացել են «Ամուսնացած տղամարդը», «Իդեալական ամուսնություն» և «Խանդ» անվանումները։ Նշվում է, որ այդ ժամանակահատվածում ռեժիսորը պարուհի Ռուտ Սոբոտկայի հետ ամուսանական խնդիրներ ուներ, որից բաժանվել է 1957 թվականին։
Ուելսի Բանգորյան համալսարանի պրոֆեսոր և Սթենլի Կուբրիկի գծով փորձագետ Նաթան Աբրամսը հայտնել է, որ սցենարները գտել են Կուբրիկի տանը։ Նա ասել է, որ ձեռագրերում կան գաղափարներ, որոնք ավելի ուշ արտացոլվել են «Լայն փակված աչքերով» ֆիլմում։
Անցած տարի Բրիտանիայում գտնվել էր Կուբրիկի «Այրող գաղտնիք» ֆիլմի կորած սցենարը։ Այն ավելի քան 100 էջ է։ Աբրամսն ասել է, որ սցենարը գրեթե ավարտված է, այդ պատճառով դրա հետ կարող են աշխատել կինեմատոգրաֆիստները։
Կուբրիկը մահացել է 1999 թվականին՝ իրենից հետո թողնելով մի քանի անավարտ նախագծեր։ Հենց այդ տարի էկրան էր բարձրացել Սթիվեն Սփիլբերգի «Արհեստական բանականություն» ֆիլմը, որը նկարահանվել է նրա սցենարի հիման վրա։