Ջավախքում ուսուցիչները դժվարությամբ են վրացերենով քննություն հանձնում
Հուլիսի 10-ից Վրաստանում մեկնարկել է ուսուցիչների քննությունները և կշարունակվեն մինչև հուլիսի 21-ը ներառյալ: Քննություն են հանձնում ոչ միայն գործող ուսուցիչները, այլև ուսուցիչ դառնալու ցանկություն ունեցողները:
Jnews-ը գրում է, որ Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի ղեկավար Սոփիո Գորգոձեի խոսքով, 10 հազարից ավել դիմորդ է գրանցվել, որոնք ուսուցիչներ չեն և ուզում են սկսել ուսուցչական կարիերա, իսկ ընդհանուր առմամբ գրանցվածների քանակը 31 հազար 500 է: Գորգոձեն հավելել է նաև, որ այս տարվա թեստերում նշանակալի փոփոխություններ չկան, հեշտացված չէ և մոտավորապես նույնն է, ինչ անցած տարի էր:
Հուլիսի 10-ին և 11-ին ուսուցիչները քննություն են հանձնել ընդհանուր ունակություններ առարկայից։ Ախալքալաքի շրջանի ուսուցիչներից մեկը Jnews-ի հետ զրույցում ասել է. «Մենք չենք տիրապետում վրացերենին, և իմաստ չունի պատրաստվել ընդհանուր ունակություններ առարկայի քննությանը կամ մասնակցել, իսկ ինչ վերաբերում է մասնագիտականին, վստահ եմ, կկարողանամ բարձր բալերով հանձնել: Բայց, հույս ունեմ, որպես ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների, գոնե ալտերնատիվ մի միջոց կգտնեն և կկարողանանք այդ կրեդիտները հավաքել: Թե չէ 50-60 տարեկանում լեզու սովորել, որ կարողանաս քննություն հանձնել, անհնար է: 0 բալ ստանալն էլ մի բան չէ, լավ է չմասնակցես»:
Ուսուցիչները ասում են, որ երբ մի քանի տարի առաջ քննությունները մտցվեցին, նախարարությունում խոստանում էին, որ ազգային փաքրամասնությունների համար թեստերը կթարգմանվեն նրանց լեզուներով, սակայն այսօր միայն թույլ են տալիս պատասխանները գրել մայրենիով, սակայն պատասխանը գրելու համար պետք է հասկանալ առաջադրանքը:
Ուսուցիչներից մեկը, որը հուլիսի 10-ին է մասնակցել ընդհանուր ունակություններ առարկայի քննությանը, ասել է. «Ես մասնակցել եմ քննությանը, 4-5 անգամ պահանջը կարդում էի, որ մի բան հասկանայի, գրել եմ ինչքան կարողացել եմ: Հույս ունեմ, որ կանցնեմ: Երկու հարց եմ անպատասխան թողել, որովհետև չեմ հասկացել»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան