Հեղափոխությունը մեր երեխաներին ասում է մի բան՝ դուք կարող եք փոխել աշխարհը. վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Լոռու մարզի Դեբեդ գյուղում գտնվող «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) ՍՄԱՐԹ կենտրոն։
Իր խոսքում վարչապետը նշեց, որ վաղուց էր պլանավորում գալ ՍՄԱՐԹ կենտրոն։ «Շատ էի լսել՝ ինչ է կատարվում այստեղ, և տեսա մոտավորապես այն, ինչ սպասում էի։ Ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել գործադրած ջանքի համար, որ այստեղ, Հայաստանի սրտում, Թումանյանի ծննդավայրում վերածննդի այսպիսի անկյունաքար ունենք»,- դիմելով հիմնադրամի հիմնադիր Գարո Արմենին՝ ասաց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետն այստեղ ևս անդրադարձավ հեղափոխությանը՝ մասնավորապես տնտեսական հենքին։ «Պատմագիտության մեջ ընդունված է ասել, որ յուրաքանչյուր հեղափոխություն ունենում է իր տնտեսական հենքը: Ես այդ թեմայի մասին շատ եմ մտածել, և վերջերս արձանագրել եմ՝ մեր հեղափոխությունը նույնպես ունեցել է իր տնտեսական հենքը»,- նշեց նա՝ հավելելով, որ հեղափոխության տնտեսական հիմքն այն մարդիկ են, որոնք գիտության, կրթության, բիզնեսի ոլորտում ցուցաբերել են նախաձեռնություններ, որոնք դուրս են եղել ավանդական օլիգարխիկ-կոռումպացված տրամաբանության շրջանակներից:
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ ամենակարևոր նախաձեռնությունը, որ հեղափոխական նշանակություն է ունեցել Հայաստանում, Սփյուռքի մի շարք գործիչների վերաբերմունքի փոփոխությունն է անելիքի վերաբերյալ. «Մի X պահի մարդիկ հասկացան, որ ոչ թե պետք է ուտելիք, գումար, շոր ու կոշիկ տալ Հայաստանի բնակիչներին, իհարկե գործունեության այս ձևը որևէ կերպ չի կարելի թերագնահատել, քանի որ այն ժամանակ, երբ Հայաստանը սովի եզրին էր, այդ սնունդը, կոշիկը, շորը Հայաստանը փրկել են սովից, աղետից։ Քավ լիցի, խնդրում եմ՝ իմ ասածը չմեկնաբանել որպես նախորդ շրջանի օգնության, աջակցության թերագնահատում, բայց եկավ մի պահ, երբ սփյուռքի ընկալումը փոխվեց, նրանք եկան եզրակացության՝բարեգործության տրամաբանությունը փոխել զարգացման տրամաբանությամբ, որ պետք է իրականացնել այնպիսի նախագծեր, որոնք կօգնեն մարդկանց»։
Նիկոլ Փաշինյանի խոսքով, հեղափոխության բանաձևն է՝ օգնել մարդկանց, որ իրենք հավատան իրենք իրենց: «Նախկինում մարդիկ հավատում էին քաղաքական առաջնորդներին, հույս էին կապում նրանց հետ, իսկ 2018-ին մարդիկ հավատացին իրենք իրենց, քանի որ հասկացան՝ իրենք են որոշիչ ուժը Հայաստանում: Այդ պրոցեսը սկսվել էր շատ վաղուց, երբ շատ գյուղերում երեխաները ծնվում ու տեսնում են ցեխոտ ու կիսաքանդ ճանապարհներ, խարխուլ ու կիսախարխուլ տներ, աշխատող ու չարչարվող ծնողներ, որոնց աշխատանքը նրանց երջանկություն և բավարարվածություն չի բերում: Եւ կողքից անընդհատ լսում են՝ բալա ջան, մենք ո՞վ ենք, ի՞նչ կարող ենք անել, կամ դու ինչ կարող ես անել, դու ոչ մեջք, թիկունք ունես, ոչ ծանոթ,փող ունես, դու ոչինչ չես կարող անել: Իսկ հեղափոխությունը մեր երեխաներին ասում է մի բան՝ դուք կարող եք փոխել աշխարհը»,- ասաց վարչապետը։
Անդրադառնալով ՍՄԱՐԹ կենտրոնին, որը հնարավորություն է տալիս գյուղաբնակ բնակիչներին սովորելու, ի դեպ այստեղ կարող են սովորել նաև մեծահասակները, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հեղափոխությունը դա է, որ 50 կամ 40 տարեկան մարդը կարող է երեխայի հետ նույն սենյակում նստել ու ինչ-որ բան սովորել։
«Ես եղել եմ ԱԺ պատգամավոր և գնացել եմ 9-րդ դասարանցիների կողքին նստել ու սովորել եմ անգլերեն Ամերիկյան համալսարանում։ Եթե մարդն ամեն օր ինչ-որ նոր բան չի սովորում, ինքը կորցնում է ժամանակը, փորում է իր ու մեր բոլորի հուսահատության փոսը: Մենք դուրս ենք եկել այդ փոսից, բայց մենք դեռևս քայլում ենք հույսի կածաններով, ու մեզ անհրաժեշտ է կառուցել հույսի ճանապարհը, հույսի մայրուղին»,-ընդգծեց նա:
Մանրամասներն՝ այստեղ։