Քոչարյանի փաստաբանները դիմել են դատավորներին գործի՝ առանց խոչընդոտ քննությունն ապահովելու համար
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները դիմել են Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին և Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին՝ Ընդհանուր իրավասության դատարանում գործի՝ առանց խոչընդոտ քննությունն ապահովելու համար։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացել է Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանից։
Բանն այն է, որ Վերաքննիչ քրեական դատարանի՝ հունիսի 25-ի որոշումից հետո Երևանի ընդհանուր իրավասության դատարանում նիստի օր չի նշանակվել, որովհետև Վերաքննիչ դատարանը գործի նյութերը չէր ուղարկել Առաջին ատյանի դատարան։ Ավելի ուշ պարզ դարձավ նաև, որ դատավոր Դավիթ Գրիգորյանը, ում նախագահությամբ պետք է վերսկսվի գործի քննությունը, արձակուրդում է։
Հովհաննես Խուդոյանը աղբյուրին հայտնել է, որ իրենց դիմումի պատճենը միաժամանակ ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի և Վերաքննիչ քրեական դատարանի նախագահներին, որպեսզի նրանք իրենց լիազորությունների սահմաններում ապահովեն գործի բնականոն կատարումը։ Պատճեններն ուղարկվել են նաև Բարձրագույն դատական խորհրդին և Մարդու իրավունքների պաշտպանին։
«Կան խնդիրներ, որոնք անհապաղ քննության ենթակա են, և դրանց թվում են անձի ազատության հարցը լուծելու վերաբերյալ միջնորդությունները, որոնք Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը պետք է ապահովի»,-ասել է նա։
Թե ինչ գործիքակազմով պետք է քննվեն այդ միջնորդությունները, ըստ պաշտպանի, դիմումի հասցեատերերը պետք է որոշեն. «Դա, կոպիտ ասած, մեղադրյալի խնդիրը չէ, մեր առաջնային պահանջն այն է, որ գործի նյութերը վերադարձվեն Առաջին ատյանի դատարան, որպեսզի դա խոչընդոտ չհանդիսանա Առաջին ատյանի դատարանում գործի քննության համար, իսկ այդ նյութերը ենթակա էին վերադարձման դեռևս մինչև այն օրն էլ, երբ Դավիթ Գրիգորյանը արձակուրդ գնաց, այսինքն՝ գործը կարող էր քննվել նաև մինչև նրա արձակուրդ գնալը»։
Ի պատասխան հարցին, թե ինչ հնարավոր լուծում է կարելի կիրառել այս դեպքում, երբ դատավոր Դավիթ Գրիգորյանն արձակուրդում է, Հովհաննես Խուդոյանն ասել է. «Հնարավոր է անձին արձակուրդից հետ կանչել, հնարավոր է և այլ դատավորի մակագրություն. օրենքը հնարավորությունը տալիս է հրատապ միջնորդությունները քննարկել այլ դատավորի նախագահությամբ»։
Հարցին՝ պաշտպանական կողմն ի՞նչ դիրքորոշում կունենա գործի քննությունն այլ դատավորի նախագահությամբ շարունակելուն, Հովհաննես Խուդոյանը պատասխանել է, որ յուրաքանչյուր դատավորի մասով պետք է առանձին հասկանալ՝ ինքնաբացարկի հիմքեր կան թե ոչ։
«Եթե չլինեն, մեզ համար տարբերություն չկա, թե որ դատավորը կքննի»,-նշել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Վենետիկի հանձնաժողովը փաստեց՝ Քոչարյանի գործում իշխանությունը միջամտել է դատարանների գործունեությանը. Սարգիս Գրիգորյան
- Քոչարյանի պաշտպան. ՍԴ-ն չի կարող ուղղակի ոչինչ չանել
- Ալումյան. Դատավոր Դանիելյանն արել է և անում է ամեն ինչ, որպեսզի հնարավորինս շատ խախտի Ռոբերտ Քոչարյանի իրավունքները
- Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններն անհասկանալի են համարում կալանքը գրավով փոխելու միջնորդությունը չքննելը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան