Մարինա Խաչատրյան. Համարում եմ, որ Ռուստամ Բադասյանի ազատումը պարտադիր զինծառայությունից պարունակում է կոռուպցիոն ռիսկեր
Բժիշկ-նեյրովիրաբույժ, CNS անդամ, WINS անդամ, WSSFN անդամ, «Առողջ Հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում բաց նամակ է հրապարկել՝ ուղղված պաշտպանության նախարարին, ԱԱԾ տնօրեինին, ՌՈ պետին։ Նա վերջինների ուշադրությունն է հրավիրել արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի՝ չծառայելու մասին հիմնավորումներին, կասկած հայտնել, որ Ռուստամ Բադասյանի ազատումը պարտադիր զինվորական ծառայությունից պարունակում է կոռուպցիոն ռիսկեր։
«ՀՀ Պաշտպանության նախարար
Դավիթ Տոնոյանին
ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության պետ
Արթուր Բաղդասարյանին
ՀՀ ԱԱԾ տնօրեն
Արթուր Վանեցյանին
«Առողջ Հանրություն» ՀԿ նախագահ
Բժիշկ-նեյրովիրաբույժ
Մարինա Խաչատրյանից
16.07.2019
Դիմում
Հարգելի՛ լիազոր մարմնի ներկայացուցիչներ,
Համացանցում առկա տեղեկատվության համաձայն ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը չի ծառայել ՀՀ զինված ուժերում։
Ծառայությունից ազատման պատճառը եղել է ողնաշարի 30 աստիճան սկոլիոզի առկայությունը Ռ. Բադասյանի մոտ, որը համարվում է երրորդ աստիճանի սկոլիոզ (նկար 1)
Այս հիվանդության ախտորոշումը դրվում է անհատի անմիջական զննության և ողնաշարի ռադիոլոգիական հետազոտության միջոցով։
Համաձայն մասնագիտական գրականության տվյալների, երրորդ աստիճանի սկոլիոզի պարագայում, անհատի մեկ ուսը ՄԻՇՏ բարձր է լինում մյուսից, իսկ կեցվածքը լինում է թեք (նկար 2):
Սակայն, ուսումնասիրելով Ռուստամ Բադասյանի համացանցում առկա նկարները, գալիս ենք այն եզրակացության, որ Ռ. Բադասյանի կեցվածքն ուղիղ է, իսկ ուսերը` նույն բարձրության վրա (նկար 3 և 4):
Սկոլիոզի բուժման եղանակները լինում են կոնսերվատիվ և վիրաբուժական։ Կոնսերվատիվ բուժման բաղադրիչ է կազմում մանուալ թերապիան, բուժական ֆիզկուլտուրան և ծանրոցների միջոցով բժշկական մանիպուլյացիաները։
Սակայն, Ռ. Բադասյանն ակտիվորեն զբաղվում է ոչ թե բուժական ֆիզկուլտուրայով այլ սպորտով. խաղում է թենիս, սկվոշ և այլն (նկար 5):
Ռուստամ Բադասյանի հայրը` Վլադիմիր Բադասյանը, այդ տարիներին հանդիսացել է ՀՀ Ոստիկանության 6-րդ վարչության պետի առաջին տեղակալ։ Ռ. Բադասյանի կնքահայր, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանը երկար տարիներ պաշտոնավարել է որպես ՀՀ ոստիկանության պետի տեղակալ։
Հաշվի առնելով վերոգրյալը, համարում եմ, որ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի ազատումը պարտադիր զինվորական ծառայությունից պարունակում է կոռուպցիոն ռիսկեր։
Պահանջում եմ ստեղծել մասնագիտական հանձնաժողով, որում, որպես մասնագետ` բժիշկ-նեյրովիրաբույժ, ընդգրկել նաև ինձ։ Հանձնաժողովի անդամներին հանձնարարել ուսումնասիրել Ռուստամ Բադասյանի առողջական վիճակը, առկա բոլոր փաստաթղթերը, պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հիմքերը։
Հարգանքով,
Բժիշկ-նեյրովիրաբույժ
CNS անդամ
WINS անդամ
WSSFN անդամ
«Առողջ Հանրություն» ՀԿ նախագահ
Մարինա Խաչատրյան»,-գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Ռուստամ Բադասյանի՝ բանակում չծառայելու օրինականության վերաբերյալ փաստաթղթեր են հրապարակել
- «Հրապարակ». Ո՞վ է Ռուստամ Բադասյանի հայրը