Քաղցրաշենցիները չեն հեռանում կառավարության շենքի դիմացից. Լուցկին վառեք, տաք, այգիս պաժառ կընկնի
Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի բնակիչները շարունակում են բողոքի ակցիան կառավարության շենքի դիմաց։ Ինչպես նշել ենք, բնակիչները պահանջում են ոռոգման ջուր՝ իրենց այգիները ջրելու համար։
Ստվերում նստելու հորդորներին ի պատասխան արևի տակ նստած գյուղացիները նկատեցին. «Մենք սովոր ենք, ոչ մի բան չի լինի»։
Նրանք տարակուսած են, որտե՞ղ է Փաշինյանը, արտերկրո՞ւմ է, գործուղմա՞ն է, ժամանակ չունի, կարող է մեկին ուղարկի, ասի՝ վաղը նոր պոմպ են դնելու։
«Քայլ արա, ջուր տուր»,-կոչ են անում կառավարության ղեկավարին։
Ըստ քաղցրաշենցիների, ջուրը կա, նույնիսկ թափվում է Արաքս, բայց գյուղացիներին հասցնել չեն կարողանում։
«Պետք է լինի 170 լիտր վարկյանում, լինում է խոսքի 70 լիտր։ Գնում են կեղտը Վեդիի կողմից են մաքրում, ասում ենք, էդ կեղտը Երևանի կողմից է գալիս, ինչի՞ եք էդ մասը մաքրում։ Էէէ, վսյո, չորցավ, պրծավ։ Ի՞նչ անենք, գնանք Պուտինին խնդրենք, որ մեզ աշխատանք տա, թե՞ գնանք ռուսների համար ծառ աճեցնենք»,-բողոքում է տղամարդը, որին համագյուղացիներն ընկեր Մկրտչյան են ասում։
Գյուղացիներին բարկացրել են նաև պայմանագրի մասին հարցերը։ Ասում են՝ մինչև հիմա ոչ մեկ պայմանագրի անուն չի տվել, հիմա հասել են այստեղ, բողոքում են, նոր իրենց պատասխանում են, որ պայմանագիր չեն կնքել։ Մի մասն ասացին՝ պայմանագիր ունեն, վճարումն էլ կատարել են, մյուսներն էլ հայտարարեցին, ոչ մեկ պայմանագիր կնքել չի առաջարկել, ջրել են, ջրի համար էլ վճարել են։
«Ես ասեմ, պայմանգիրը կապել եմ, գումարի 80 տոկոսն էլ վճարել եմ, բայց հենց հիմա իմ մի հեկտար տարածքում լուցկին վառեն, գցեն, պաժառ կառաջանա»,-ասում է նրանցից մեկը, ով այս պահին չգիտի էլ, թե ո՞նց է մարելու բանկից վերցրած 5 մլն դրամը։
Բնակիչներին հրավիրեցին Ջրային պետական կոմիտե, ասացին, այս պահին վայրկյանում 170 լիտր ջուր է մատակարարվում։ Բնակիչները չհամաձայնեցին, ասացին՝ զանգեք, ՋՕԸ-ի նախագահին, հարցրեք, Կարմիր սարի նասոսն ինչքա՞ն ջուր է հանում։
«Այսօր ինձ ասել են՝ 170»,-ասաց բնակիչների հետ հանդիպման եկած կոմիտեի ներկայացուցիչը, ինչին բնակիչներն արձագանքեցին աղմուկ-աղաղակով, նաև առաջարկեցին՝ թիվը թող նկարի, ուղարկի։
«Հիմա ասեք, պետք է լինի 1000 լիտր, կասի 1000 լիտր, ասեք 400 լիտր, կասի՝ 400 լիտր»,-բարկացան բողոքի ակցիայի մասնակիցները։
Գյուղացիներին առաջարկեցին 10 հոգուց բաղկացած խումբ կազմել ու գնալ կոմիտեի ղեկավարության հետ հանդիպման։