Սահմանապահ Խաչիկի ղեկավար. Այսօր մենք ենք հակառակորդի տան կրակը մարում
Նախիջևանի հետ սահմանին՝ հակառակորդի տարածքում, երեկ գիշեր հրդեհ է բռնկվել, որը տարածվել է նաև հայկական կողմ։ Վայոց Ձորի Արենի համայնքի սահմանապահ Խաչիկ բնակավայրի վարչական ղեկավար Հովիկ Սմբատյանից Panorama.am-ը տեղեկացավ, որ հայկական կողմում հրդեհը մարված է, սակայն այժմ իրենք հատել են սահմանը ու հակառակորդի տարածքի հրդեհն են մարում։
«Հենց հիմա սահմանը հատել ենq ու հրդեհ ենք մարում։ Մեր կողմից մարված է, բայց տարածման վտանգ կա, որ կարող է մեր հողերին հասնի։ Խոտածածկ տարածքներ են, չենք թողնում հասնեն մեր վարելահողներին»,- ասաց նա։
Հարցին, թե արդյո՞ք վտանգավոր չէ սահման հատելը, Հ. Սմբատյանն ասաց. «Ամեն դեպքում վտանգ կա, բայց երևի գլխի չենք ընկել»։
Նա նշեց, որ ադրբեջանական կողմից երեկ գիշեր հրդեհաշիջման աշխատանքներ իրականացվել են, սակայն այսօր որևէ աշխատանք չի տարվում հակառակորդի կողմից։
«Իրենք իրենց գործն արել են՝ հրդեհել են, մենք էլ մարում ենք։ Այսօր մենք ենք իրենց տան կրակը մարում»,- ասաց Հ. Սմբատյանը։
Նրա խոսքով, հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են գյուղացիներ, հրշեջներ, նաև զինվորականներ։