ԱՆ. Նախարարը պատրաստ է ցանկացած լրագրողի հետ այցելել որևէ բժշկական հաստատություն
Արդարադատության նախարարար Ռուստամ Բադասյանը պատրաստ է ցանկացած լրագրողի հետ այցելել որևէ բժշկական հաստատություն, անցնել համապատասխան հետազոտություններ։ Այս մասին հայտնում են արդարադատության նախարարությունից՝ արձագանքելով նրա չծառայելու վերաբերյալ հայտնած կասկածներին։
«Մամուլում կրկին տեղեկություն է շրջանառվում, ըստ որի՝ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի ազատումը պարտադիր զինվորական ծառայությունից պարունակում է կոռուպցիոն ռիսկեր՝ այսպիսով կասկածի տակ դնելով 2011 թվականին Ռուստամ Բադասյանի առողջական վիճակի վերաբերյալ Արաբկիրի զինկոմիսարիատի կողմից տրամադրված տեղեկանքը:
Հայտարարում եմ, որ ինչպես մեկ ամիս առաջ էր պարոն Բադասյանը հայտարարել ՀՀ ցանկացած բժշկական հաստատությունում բժշկական հետազոտության ենթարկվելու պատրաստակամության մասին, այնպես էլ այսօր արդարադատության նախարարը պատրաստ է ցանկացած լրագրողի հետ այցելել որևէ բժշկական հաստատություն, անցնել համապատասխան հետազոտությունները և արդյունքները ներկայացնել այս հարցով շահագրգիռ կողմերին: Միայն պետք է խնդրեմ ցանկության մասին տեղեկացնել մեկ շաբաթ առաջ:
Հ.Գ. Ի դեպ, տեղեկացնեմ նաև, որ Ռ. Բադասյանի կնքահայրը Վարդան Եղիազարյանը չէ»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՆ խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը։
Հիշեցնենք, որ բժիշկ-նեյրովիրաբույժ, «Առողջ Հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում բաց նամակ է հրապարկել՝ ուղղված պաշտպանության նախարարին, ԱԱԾ տնօրեինին, ՌՈ պետին։ Նա վերջինների ուշադրությունն է հրավիրել արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի՝ չծառայելու մասին հիմնավորումներին, կասկած հայտնել, որ Ռուստամ Բադասյանի ազատումը պարտադիր զինվորական ծառայությունից պարունակում է կոռուպցիոն ռիսկեր։