Նիկոլ Փաշինյան. 2019 թվականի Հայաստանը պետք է ունենա 2019 թվականի Սահմանադրական դատարան
«Վահե Գրիգորյանի նամակն ինձ ուղղակի ցնցեց»,- «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ես այդ նամակը կարդալով հասկացա, որ 2018 թվականի տրանֆորմացիայի շրջանում բոլորս կենտրոնացած լինելով Սերժ Սարգսյանի շուրջ ստեղծվող քաղաքական մանիպուլյացիայի վրա, զբաղված լինելով դրանով, գուցե մասնագիտական գիտելիքների կամ նրբությունների իմացության պատճառով չենք նկատել նույնամասշտաբ մի մանիպուլյացիա, որ տեղի է ունեցել Սահմանադրական դատրանում»,- նշել է վարչապետը։
Նա մանրամասնել է, թե ինչ է տեղի ունեցել. «Երբ 2015-ին սահմանադրական փոփոխությունները նախաձեռնվում էին, ասվում էր, որ սա երկրի ամբողջական ինստիտուցիոնալ բարեփոխման համակարգ է՝ պետք է ունենանք նոր կառավարություն, նոր նախագահի ինստիտուտ, նոր խորհրդարանական ինստիտուտ, նոր Սահմանադրական դատարան, որովհետև Սահմանադրության տեքստի հեղինակները, ըստ էության, տեքստից երևում է, որ՝ մենք գտել ենք, թե ինչպիսին պետք է լինի Հայաստանում իդեալական Սահմանադրական դատարանը, որը համապատասախանի մեր այսօրվա կարիքներին։
Սահմանադրական դատարանի դատավորները պետք է ընտրվեն ոչ թե ցմահ, այլ 12 տարով, Սահմանադրական դատարանի նախագահը պետք է ընտրվի ոչ թե Ազգային ժողովի կողմցի, այլ ՍԴ կողմից վեց տարի ժամկետով։ Ունե՞նք մենք այսօր այնպիսի ՍԴ, որը համապատասխանի մեր այսօրվա գործող Սահմանադրության տեքստին։ Չունենք այդ ՍԴ-ն, որովհետև նոր Սահմանադրությունն ուժի մեջ մտնելուց 40 օր առաջ ՍԴ-ի երկարամյա նախագահ Գագիկ Հարությունյանը հրաժարական տվեց ներիշխանական մի գործարքի և մանիպուլյացիայի արդյունքում։ Տեղի ունեցավ մեծ առևտուր, որտեղ մի քանի առանցքային դեմքեր ստանում էին իրենց հասանելիքը։ Դրանից հետո ՍԴ անդամ ընտրվեց, հետագայում նաև ՍԴ նախագահ առաջադարվեց և ընտրվեց ԱԺ կողմից ՍԴ անդամ և ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, մինչդեռ մեր նոր Սահմանադրությամբ նախատեսված է, որ Սահմանադրական դատարանի նախագահ ընտրում է հենց ինքը՝ Սահմանադրական դատարանը»։
Նա նշեց, որ Սահմանադրության մեջ նկարագրաված ՍԴ չեն կարող ունենալ առնվազն մինչև 2035 թվականը։
«Այսօր ունենք իրողություն, որ ունենք 2019 թվականի Հայաստան, բայց, ըստ էության, ունենք 1995 թվականի Սահմանադրական դատարան։ 2019 թվականի Հայաստանը պետք է ունենա 2019 թվականի Սահմանադրական դատարան։ Սա է քաղաքական խնդիրը, որևէ մեկը չկասկածի, որ այս խնդիրը պետք է լուծվի»,- ասել է Ն. Փաշինյանը։
Կառավարության ղեկավարը նշեց, որ Սահմանադրական դատարանը «սեփականաշնորհաված բուտկայի կարգավիճակից պետք է դուրս գա»։
Հարակից հրապարակումներ`
- ՍԴ-ում Ճգնաժամ չկա. Հրայր Թովմասյան
- Վահե Գրիգորյանի նամակը. Առաջին մաս
- Արա Ղազարյան. ՍԴ որոշման մեջ զարմանալի բան չկա. Վահե Գրիգորյանը շահագրգիռ անձ է
- Վահե Գրիգորյանը չի մասնակցի ՍԴ-ում Ռոբերտ Քոչարյանի դիմումների քննարկմանը
- Գոռ Հովհաննիսյան. Վահե Գրիգորյանի արարքները չպիտի անհետևանք մնան