Ոստիկանության գնդապետ. «Սասնա ծռերը» այսօրը նորից կփորձեն հարամել
«Անցյալ տարվա ու այս մեկ տարվա դեպքերը համոզեցին, որ կան հասարակության որոշակի շերտեր, որոնք պատրաստ են նման գործողությունների, նույնիսկ հերոստացնում են իրենց արարքները»,- լրագրողների հետ զրույցում ասաց «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական
շարժման նախաձեռնող խմբի անդամ, ոստիկանության գնդապետ Ռոբերտ Մելքոնյանը, որը շարժման մյուս անդամների հետ հարգանքի տուրք է մատուցել Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա «Սասնա ծռերի» կողմից 2016-ին տեղի ունեցած հարձակման հետևանքով զոհված ոստիկանների հիշատակին։
Լրագրողի հարցին, թե արդյո՞ք ոչ վաղ անցյալից այսօր դասեր քաղել են, նա բացասական պատասխան տվեց։ Նա նշեց, որ «Սասնա ծռերն» իրենց համարում են Սպարտակի հաջորդները, համարում են, որ հերոսական արարք են կատարել։
«Այսօրը նորից կփորձեն հարամել ու համարել հուլիսյան ապստամբության օր։ Դա արդեն ամեն ինչի վերջն է և դրանով ամեն ինչ ասված է»,- ասաց Ռ.Մելքոնյանը։
Հիշեցնենք, որ ՊՊԾ գնդի գրավման ժամանակ զոհվել են գնդապետ Արթուր Վանոյանը, լեյտենանտ Յուրի Տեփանոսյանն ու ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը։
ՊՊԾ գնդի գրավման գործով «Սասնա ծռեր» խմբի անդամներից կալանքի տակ շարունակում են մնալ ամբաստանյալներ Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը, որոնք մեղադրվում են նաև սպանության մեջ: Մյուսների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է՝ պատգամավորների անձնական երաշխավորությամբ։ Պավել Մանուկյանն ազատ է արձակվել 1 միլիոն դրամ գրավի դիմաց։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Մելքոնյան. Այսօր էլ «Սասնա Ծռեր»-ն իրենց պահում են լկտի և ցինիկ
- ՊՊԾ գնդի գործով դատական նիստը ընդամենը մի քանի րոպե տևեց
- ՊՊԾ գնդի գրավման գործով տուժող. Երեխաները ուժեղ սթրեսի մեջ էին
- «Թուրքի նման գիշերվա կեսին հարձակվելը ...». ՊՊԾ գնդի նախկին հրամանատարի հարցաքննությունից
- Դատարանում վիճեցին «Սասնա ծռերի» անդամներն ու ՊՊԾ գնդի նախկին հրամանատարը
- Թող մինչև վերջ էլ նստի ու պատասխան տա. ՊՊԾ գնդի գրավմանը սպանված ոստիկանի կին
- Իրենք պետք է հետ գնան բանտերում փտեն. ՊՊԾ գնդի տարածքում սպանված ոստիկանի այրի
- Միանշանակ, ՊՊԾ գնդում ես պատանդ եմ եղել. Օսիպյան
- Փաշինյանն ընդունել է ՊՊԾ գնդի գրավման ժամանակ զոհված ոստիկանների ընտանիքների անդամներին