ԱՄՆ-ի Կապիտոլիումի գմբեթի ներքո հնչել է հայ եկեղեցական աղոթքը
Հայ եկեղեցական աղոթք՝ Միացյալ Նահանգների Կապիտոլիումի գմբեթի ներքո: «Ի պաշտպանություն քրիստոնյաների» կոնգրեսական խմբի նախաձեռնությամբ Կապիտոլիումում՝ ԱՄՆ-ի ժողովրդավարության օրրանում Մերձավոր Արևելքի մի շարք եկեղեցիների աղոթք կազմակերպվեց: Կազմակերպիչների խոսքով, միջոցառման նպատակն է՝ բարոյական աջակցություն ցուցաբերել հատկապես Մերձավոր Արևելքի քրիստոնյաներին, որոնց թիվը վերջին տասնամյակներում կտրուկ նվազել է: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Միացյալ Նահանգները ոչ միայն քրիստոնյա արժեքների կրողն է, այլև պետք է հանդիսանա աշխարհում այս արժեքների պաշտպանը, իր ելույթում ընդգծում է հայկական արմատներ ունեցող ԱՄՆ-ի կոնգրեսական Աննա Էշուն։
«Իմացեք՝ Կոնգրեսում կա ուժ, որի համար այս հարցը կարևոր է և Աստծո կամոք մենք կշարունակենք մեր աշխատանքը»,-ասել է Աննա Էշուն։
Հայկական արմատներ ունեցող մեկ այլ կոնգրեսական, Ջեքի Սփիրն իր ելույթում հիշեցրեց՝ այսօրվա աշխարհում իրական քրիստոնյա լինելը հեշտ չէ, հիշատակելով պատվիրաններից մեկը. «Հեշտ է կարեկցող և գթասիրտ լինել քեզ նման մարդկանց նկատմամբ կամ մարդկանց նկատմամբ, ովքեր քեզ դուր են գալիս: Մեր իրական կարեկցանքն ու գթասրտությունը փորձության են ենթարկվում, երբ մեզանից պահանջվում է ցուցաբերել դրանք ոչ մեզ նման մարդկանց նկատմամբ»:
Վաշինգտոնում Հայ դատի հանձնախմբի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանն էլ իր ելույթում անդրադարձավ քրիստոնեության նշանակությանը հայերի համար։
«Հայերին հաջողվեց վերապրել Ցեղասպանության սարսափը, պահպանվել և չփոխել սեփական դավանանքը հենց այն պատճառով, որ մենք քրիստոնյա ժողովուրդ ենք»,-ասել է Համբարյանը։
Միացյալ Նահանգների Կապիտոլիումի գլխավոր դահլիճում ավանդաբար կազմակերպվում են ԱՄՆ-ի համար կարևորագույն նշանակություն ունեցող միջոցառումներ: