ԱՆ. Հիվանդանոցային բուժում ստացող ոստիկաններ այս պահին չկան
Իջևանում ցուցարարների հետ բախումների հետևանքով տուժած ոստիկանների վիճակը բավարար է։ Այս մասին Tert.am-ի՝ ուղիղ եթերում հայտարարեց ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը։ Նա այս պահին գտնվում է Իջևանում։
«Նրանց կյանքին որևէ վտանգ չի սպառնում, սակայն ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Դրան գնահատական կտա նախաքննությունը»,-ասաց ոստիկանապետը։
Օսիպյանն ասաց՝ բախում է եղել, բայց միմյանց չեն հարվածել, հարվածը միակողմանի է եղել, քաղաքացիների կողմից։
«Ոստիկանների օրինական պահանջը նրանք դիմավորեցին մահակներով, մետաղյա ձողերով, նույնիսկ քարերով, ինչի հետևանքով ոստիկանության 12 ծառայողներ մարմնական վնասվածքներ ստացան, տեղափոխվեցին Իջևանի բուժկենտրոններ»,-նշեց նա։
Առողջապահության նախարարությունից Panorama.am-ին հայտնեցին, որ առավոտյան տվյալներով հիվանդանոցային բուժում ստացող տուժածներ` երեկվա միջադեպով պայմանավորված, չունեն։
Հիշեցնենք, որ երեկ Իջևանում ոստիկանների և քաղաքացիների միջև տեղի ունեցած բախումների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, քրեական օրենագրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 4-րդ մասի, 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով , ինչպես նաև 316-րդ հոդվածի (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 2-րդ մասի հատկանիշներով:
Հարակից հրապարակումներ`
- Իջևանում տեղի ունեցած բախումներից հետո կան բերման ենթարկված անձինք
- Բախում Իջևանում՝ ցուցարարների և ոստիկանների միջև