«Մեծամոր»-ը նոր վարիչ ունի
«Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանը նոր վարիչ ունի: «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի հրամանով Լևոն Մկրտչյանը նշանակվել է արգելոց-թանգարանի վարիչ: Մասնաճյուղի նորանշանակ ղեկավարին այսօր ներկայացրել են կոլեկտիվին: Ֆեյսբուքյան էջում գրել է ՊՈԱԿ-ի մամուլի քարտուղար Մարինե Ավանեսյանը։
«Մեծամորը մեծ ներուժ ունի և ՊՈԱԿ-ի տնօրինությունը իր առջև խնդիր է դրել առաջիկայում այն գիտակրթական լուրջ կենտրոն դարձնել: Բոլոր նախադրյալները կան, պետք է աշխատել: Հուսով եմ, որ մասնաճյուղի նոր վարիչը իր առջև դրված խնդիրները կյանքի կկոչի՝ ներդնելով եռանդ ու աշխատասիրություն», - իր խոսքում ասել է ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը:
Լավ աշխատանքի համար ՊՈԱԿ-ի տնօրենը շնորհակալություն է հայտնել արգելոց-թանգարանի արդեն նախկին վարիչ Արտավազդ Զաքյանին ու նշել, որ հենց արդյունավետ աշխատանքի արդյունքում որոշում է կայացվել Ա. Զաքյանին տեղափոխել ՊՈԱԿ-ի Մշակութային միջոցառումների կազմակերպման և մարքեթինգի բաժին /վարիչի պաշտոնակատար է նշանակվել / մյուս արգելոց-թանգարանների հետ աշխատանքում փորձը կիրառելու համար:
Մեծամորը Անդրկովկասի ամենահաետաքրքիր հուշարձաններից է: Դա են փաստում նաև պեղումները: Այս համատեքստում ՊՈԱԿ-ի տնօրենը շեշտել է զբոսաշրջության ու հուշարձանի ենթակառուցվածների զարգացման խնդիրը և ակնկալել արգելոց-թանգարանի աշխատակազմի աջակցությունը՝ դրանց համատեղ ու միասնական ջանքերով լուծելու հարցում:
Լևոն Մկրտչյանը ավարտել է ԵՊՀ Պատմության ֆակուլտետը: Որպես հնագիտական արշավախմբի ղեկավար պեղումներ է իրականացրել Ափնայի սբ. Զորավոր, Արթիկի սբ. Աստվածածին, Մասիսի սբ. Աստվածածին եկեղեցիների տարածքներում: Մասնակցել է նաև /այլ արշավախմբերի կազմում/ հուշարձանների տարածքներում իրականացվող պեղումներին: