Թովմասյանն արձագանքեց Փաշինյանին. Դուք այս սեփականաշնորհված «բուդկայի՞ն» էիք դիմում ներկայացնում
Սահմանդրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ ՍԴ-ի ու իր վերաբերյալ հայտարարություններին։
Հարց- Նախօրեին «Ազատություն» ռադիոկայանին հարցազրույց տվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՍԴ-ի վերաբերյալ կարծիքներ հայտնեց: Դուք ինչպե՞ս կմեկնաբանեք դրանք:
Պատասխան- Ես արդեն առիթ ունեցել եմ ասելու, որ հավատարիմ մնալով իմ երդմանը և Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքին, ես պարտավոր եմ ցուցաբերել քաղաքական զսպվածություն և չեզոքություն: Գայթակղությունը մեծ է՝ քաղաքական ամբիոն ստանալու և քաղաքական պատասխաններ տալու, բայց այս պարագայում ես ստիպված եմ ասելու, որ չեմ կարող այդ քաղաքական պատասխանը տալ, որովհետև քաղաքական էին այդ հարցադրումները և ես դրանք չեմ կարող մեկնաբանել: Պարզապես կարող եմ ասել, որ որոշ արտահայտություններ վիրավորական էին, մոտ էին արժանապատվությանը վիրավորելուն, մասնավորապես, դատական իշխանության ներկայացուցիչներին և որոշ արտահայտություններ կարող են դառնալ դասագրքային, թե ինչպիսին չպետք է լինեն գործադիր իշխանության ղեկավարի և դատական իշխանության փոխհարաբերությունները, ինչպես չի կարելի արտահայտվել դատական իշխանության հասցեին:
Հարց- Այդ նույն հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը նման ձևակերպում արեց, որ Դուք «բուդկայի» նման սեփականաշնորհել եք Սահմանադրական դատարանը:
Պատասխան- Երբեմն հանրային ընկալման մեջ, այս դեպքում պետք է ասեմ ոչ միայն հանրային ընկալման մեջ, կոնկրետ մարդկանց ընկալման մեջ դիտարկվում է, որ Սահմանադրական դատարանն ինչ-որ հիմնարկ է, ինչ-որ կառույց է, ես էլ այնտեղի «դիրեկտորն» եմ, ես եմ որոշում ամեն ինչ: Սահմանադրական դատարանի նախագահն արդարադատություն իրականացնելիս հարյուր տոկոսով ունի նույնական լիազորություն, ինչ դատարանի մյուս անդամները և նման արտահայտությունը առաջին հերթին վիրավորանք է դատարանի մյուս անդամների նկատմամբ:
Եվ հռետորական հարց տամ. իսկ Դուք այս սեփականաշնորհված «բուդկայի՞ն» էիք տասնյակ դեպքերում դիմում ներկայացնում, երկրի վարչապետը, ՀՀ նախագահը, ԱԺ նախագահը, երկրների դատավորները, արդյոք այդ «բուդկայի՞» հետ էին իրենց հարաբերությունները կառուցում Վենետիկի հանձնաժողովը, մի քանի երկրների Սահմանադրական դատարանների նախագահները, որոնք այս ընթացքում այցելել են:
Նման արտահայտությունները պատիվ չեն բերում և նման խոսակցությունը, նման բառապաշարը, կրկնում եմ, դասագրքային է լինելու, թե ինչպես չի կարելի խոսել երկրի չորս սահմանադրական մարմիններից մեկի մասին, որովհետև այս մարմինները, Սահմանադրական դատարանն ու կառավարությունը, իրենք հավասարազոր են, իրենք՝ որպես սահմանադրական մարմիններ, ունեն հավասար կարգավիճակներ, և չի կարելի մի մարմնի ղեկավարին նման բառապաշարով արտահայտվել մյուսի նկատմամբ: Իսկ արդյոք նույնաբովանդակ ձևակերպումներ կարելի՞ է օգտագործել իշխանության մյուս ճյուղերի նկատմամբ, ես կարծում եմ՝ չի կարելի: Այսքանը:
Տեսանյութը՝ Tert.am-ի։
Հարակից հրապարակումներ`
- ՍԴ նախագահ. Կհորդորեմ ձեռնպահ մնալ ոչ միայն նման ճնշումներից, այլև այնպիսի քայլերից, որոնք կարող են ճնշումների ընկալում առաջացնել
- Հրայր Թովմասյան. Ռոբերտ Քոչարյանի գործով վերջնական որոշում կայացնելու է Սահմանադրական դատարանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան