Նարեկ Սամսոնյան. Երբ պետության քաղաքական առաջին դեմքը խոսում է ոչ նորմատիվային լեքսիկոնով, դա բերում է ատելության խոսքի ավելացմանը
«Գերդոզավորված ատելությունը մամուլի և այլախոհության, այլակարծության նկատմամբ սկսվել է անցած տարվա հայտնի իրադարձությունների ընթացքում»,- «Մեդիա պաշտպան» նախաձեռնությամբ կազմակերպված «Բռնության և ատելության խոսքը» թեմայով կլոր սեղան-քննարկմանն ասաց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը։
Նրա խոսքով, բոլորի, կուսակցությունների լռության ներքո մի քաղաքական խմբի մասին ատելության խոսք էր տարածվում, այդ խոսքը հասել էր այդ մարդկանց տներ։
«Երբ պետության քաղաքական առաջին դեմքը խոսում է ոչ նորմատիվային լեքսիկոնով, դա բերում է այն ատելության խոսքին, որը որ կա։ Մեր մոնիթորինգի նախնական տվյալներով, երբ Նիկոլ Փաշինյանը խոսում էր ասֆալտին փռելու, պատերին ծեփելու մասին, համացանցում հայհոյանքն ավելացավ 200 տոկոսով, եթե ոչ ավելի։ Սա էլ կոնկրետ տեխնոլոգիա է։ Դա կենտրոնացված ղեկավարվել ու ղեկավարվում է, մեր ունեցած տվյալներով, Հանրային կապերի և տեղեկատվական ՊՈԱԿ-ի միջոցով: Ֆեյքերն ու ֆեյք էջերը, որոնք բազմաթիվ են, մոտավորապես մենք հաշվել ենք 12 հազար, համացանցում երկրի առաջին դեմքի ոչ նորմատիվային բառապաշարին զուգահեռ ստեղծում են անհանդուրժողականության մթնոլորտ, որը դրսևորվում է հայհոյանքով»,-նշեց նա:
Ն. Սամսոնյանն ասաց, որ երբ ժամանակահատված եղավ, որ Նիկոլ Փաշինյանի թիմում մարդիկ իրար հետ խնդիրներ ունեցան, նույն ֆեյքերը կռվում էին իրար դեմ, ակնհայտ էր, թե որ ֆեյքը որ պատգամավորի աշխատասենյակից է ժամանակին աշխատացվել: Նրա խոսքով, տղամարդկանց հայհոյանքներից բացի նաև կանայք են սկսել հայհոյանքներ գրել։
«Երկու ամիս առաջ ֆեյսբուքում ամեն երրորդ կին էջը, խոսքն իրական էջի մասին է, որը պաշտպանում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հայհոյանք էր գրում։ Երբ մենք սկսեցինք հրապարկել, կրճատվեց դրանց թիվը, ամեն 5-րդ կնոջ էջը սեռական բնույթի հայհոյանքներ է գրում: Եղել են բազմաթիվ դեպքեր, երբ զանգում էին խմբագրություն ու ասում՝ ջնջեք, իմ կինն է»,- նշեց Ն. Սամսոնյանը։
Քննարկմանը ներկա ՀՀ ԱԺ մարդու իրավունքների, պաշտպանության, հանրային հարցերի մշտական հանձաժողովի նախագահ, ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ երբ սկսել են հրապարակել իրական օգտատեր կանանց հայհոյանքները, նկարները, որոշակիորեն նվազման միտում է նկատվել։
«Ինձ համար էական չէ Նիկոլ Փաշինյանին կհայհոյեն, թե ընդդիմախոսներին։ Ես հասկացա, որ այս պահին թերևս ամենաարդյունավետ միջոցը դա է՝ անվանական հրապարակել ու տարածել իրական կին և տղամարդ օգատերերի անունները, որոնք հայհոյում են»,- ասաց Ն. Զոհրաբյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Պետք է հասկանանք այն սահմանագիծը, որի դեպքում խոսքը կնպաստի իրավունքի և ժողովրդավարության զարգացմանը»
- Նաիրա Զոհարաբյան. Շատ դեպքերում սոցիալական մեդիայում միայն նկարը տեսնելով՝ սկսում են հայհոյանքների տարափը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին