«Պետք է հասկանանք այն սահմանագիծը, որի դեպքում խոսքը կնպաստի իրավունքի և ժողովրդավարության զարգացմանը»
«Կախված, թե մենք ինչ բնույթի խոսք ենք իրականացնում, դրանով է պայմանավորված պաշտպանության շրջանակը։ Այս տեսանկյունից խոսքի ազատությունը հետաքրքրիր պարադիգմա ունի»,- «Մեդիա պաշտպան» նախաձեռնությամբ կազմակերպված «Բռնության և ատելության խոսքը» թեմայով կլոր սեղան-քննարկմանն ասաց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Սիրանուշ Սահակյանը:
Նա նշեց, որ մի կողմից դա քաղաքական ժողովրդավարության անկյունաքարն է և առանց խոսքի ու քաղաքական խոսքի չեն կարող ունենալ ժողովրդավարական արժեքներ, մյուս կողմից, եթե բացարձակ ընկալեն խոսքի ազատությունը և թույլ տան ցանկացած խոսք, այդ թվում ժողովրդավարական արժեքներ քայքայող, վերջ կտան ժողովրդավարությանը:
«Հետևաբար, պետք է հասկանանք այն սահմանագիծը, որի դեպքում խոսքը կնպաստի իրավունքի և ժողովրդավարության զարգացմանը, բայց մյուս կողմից՝ արդեն իսկ ձևավորված ժողովրդավարության արժեքները չի զրկի պաշտպանությունից»,- նշեց նա:
Ս. Սահակյանն ասաց, որ միջազգայնորեն որոշ տենդենցներ կան՝ ուժեղացվում է ատելություն, բռնություն, խտրականություն քարոզող խոսքը, բայց սա չի նշանակում, որ քաղաքական խոսքի պաշտպանության շրջանակները նեղացվում են:
«Քաղաքական գործիչներին քննադատելուն ուղղված խոսքն իր մեջ կարող է պարունակել չափազանցվածություն և որոշակի վիրավորանքի տարրեր, որը քաղաքական գործիչների դեպքում կարող է թույլատրելի լինել: Ինչու հենց քաղաքական գործիչների դեպքում, սակայն ոչ մասնավոր անձանց։ Քաղաքական գործիչները կայացնում են մեզ բոլորի համար կարևոր նշանակություն ունեցող որոշումներ, և այդ որոշումների բացասական հետևանքները կրելու ենք մենք: Հետևաբար, վերջիններիս գործոնեությունը հսկողության տակ վերցնելու, քննադատելու տեսանկյունից պարտավոր են ավելի բաց լինել և խիստ քննադատություններն ընդունել: Այս տեսանկյունից ես չէի ասի, որ եվրոպական ստանդարտները մեղմացման միտումներ են ցուցադրում»,- ասաց Ս. Սահակյանը:
«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադրի խոսքով, ռասիզմը, ատելություն և բռնություն սերմանող խոսքը խոսքի ազատության շրջանակում չի պաշտպանվում, համարվում է խոսքի իրավունքի չարաշահում։
Ս. Սահակյանն ասաց, որ պայքարն արդյունավետ լինելու համար առաջարկվում են մի քանի միջոցներ. «Կարևորվում է մոնիտորոնգը, այսինքն՝ ատելություն և բռնություն սերմանող խոսքի դեպքերի արձանագրումը, ժամանակի մեջ դրանց տարածվածության աստիճանի նվազումը կամ բարձրացումը. «Անընդհատ դեպքերի զարգացմանը հետևելը շատ կարևոր է հետագա միջոցների ընտրության հարցում, և սա այն նախադրյալն է, որը կօգնի արդյունավետ պայքարին»։
Նրա խոսքով, դրանից հետո նախատեսվում է ապահովել արդյունավետ օրենսդրական դաշտի առկայություն:
«Այս տեսանակյունից Հայաստանաի օրենսդրությունը եթե ունի լուծումներ վիրավորանքի, զրպարտության տեսանակյունից, քանի որ ապաքրեականացում է տեղի ունեցել, ապա նույնը չենք կարող պնդել ատելության կամ բռնություն սերմանող խոսքի պարագայում: Մենք Քրեական օրենսգրքում նույնիսկ չունենք հատուկ հանցակազմ, որը լիարժեքորեն կքրեականացնի այդ արարքը: Ընդամենն ունենք որոշ տարրեր: Մեր քրեական օրենսդրությունը պետք է վերանայվի, որպեսզի համապատասխանեցվի ատելություն սերմանող խոսքի դեմ պայքարի միջազգային ստանդարտներին, ընկալումներին և դրան համարժեք ներդրվեն քրեաիրավական միջոցներ»,- ասաց Ս. Սահակյանը։
Նա կարևորեց նաև ինքնակարգավորումը, էթիկական նորմերի տարածումը տեղեկատվություն գեներացնող և տարածող հարթակներում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին