Մինասի ծննդյան օրն է
«Իբրև նկարիչ, գիտեմ և վստահ եմ, որ ամեն մի նկարիչ, կանգնելով Մինասի նկարների առջև, այնտեղ տեսնում է իր չարածի, իր չկարողացածի, իր երազածի իրագործումը։ Մինասը մեր նկարչության բարձրացող աշտարակն էր, հեռուներից տեսանելի ու հեռաստաններ բացող»,- ասել է նկարիչ Հակոբ Հակոբյանը։
Այսօր Մինասի ծննդյան օրն է։ Ծնվել է 1928 թվականին, Ջաջուռում։ Համեմատաբար ուշ է սկսել զբաղվել գեղանկարչությամբ։ Պատանի հասակում տարված է եղել Մարտիրոս Սարյանի արվեստով։
Մինասի գեղարվեստական և էսթետական զարգացման գործում մեծ ազդեցություն են ունեցել Հայկական մանրանկարչությունը և իտալական վերածննդի նկարչությունը, որի հետ ծանոթացել է Լենինգրադում ուսանելու տարիներին։
Մինասի հասուն ստեղծագործական կյանքը տևել է 15 տարի՝ 1960–1975 թթ: Մինաս Ավետիսյանը բազմաժանր նկարիչ է: Ստեղծել է ավելի քան 500 կտավ, հարյուրավոր գծանկարներ, մեծածավալ որմնանկարներ, դիմանկարներ, նատյուրմորտներ: Նրա արվեստին բնորոշ են վառ և զուսպ գույների համադրումը, հայրենի բնության առանձնահատկությունների գեղանկարչական խտացումը, կենսահաստատ արտահայտչականությունը: Մինասը ստեղծել է հայկական գյուղաշխարհն արտացոլող կոմպոզիցիաներ, բնանկարներ։ Մինասի նկարները հայտնի են իրենց գունային կտրուկ հակադրություններով։
«Ես նկարում եմ լույսը, ոչ թե նյութը։ Լույսն ինձ մոտ գույն է... Ես կյանքին հեռվից եմ նայում, դրա համար էլ իմ նկարներում մանրուքները տեսանելի չեն»,- ասել է նկարիչը։
Մինասը որմնանկարները ստեղծել է 1970-74 թթ.։ Ունի մեկ տասնյակից ավելի բալետային ու թատերական ձևավորումներ: Մ. Ավետիսյանը բեմանկարչական ինքնատիպ սկզբունքը զարգացրել ու թատերական պայմանականության նոր աստիճանի է հասցրել Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի և Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետի ձևավորումներում:
Մինասն աշխատել է նաև կինոյում, Հրանտ Մաթևոսյանի «Այս կանաչ, կարմիր աշխարհը» ֆիլմի նկարիչն է։
1972–ի հունվարի 1-ին, աղետալի հրդեհի պատճառով այրվում են Մինասի արհեստանոցում գտնվող բոլոր կտավները՝ թվով մոտ 300 աշխատանք։ Այդ թվում նաև հարյուրից ավել ավարտված նկարներ, որոնք նախատեսված էին անհատական ցուցահանդեսի համար, զոհ դարձան կրակին։
Նկարիչը 1975թ. փետրվարի 16-ին Երևանում ենթարկվել է ավտովթարի ոմն տաքսու վարորդ Ժորա Հովսեփյանի կողմից, և չգալով գիտակցության՝ փետրվարի 23-ին կնքել է իր մահկանացուն։ Մինաս Ավետիսյանի մահվան հանգամանքները մինչ օրս մնում են չպարզված։
«... Նա, այո, արդեն անսպառ էր: Նրան միայն ժամանակ էր հարկավոր, երկար ժամանակ էր հարկավոր՝ տևական անընդհատությամբ, հայ գյուղացու ջանադիր անընդհատությամբ գործ դարձնելու իր մարմին կաթեցված աստվածային տաղանդի ծանր կաթիլը: Նա ծնվել էր Սարյանից հիսուն տարի հետո - նա մեռնելու էր Սարյանից հիսուն տարի հետո: Նա գահաժառանգ էր ծնվել, նա բազմելու էր Մեծի թափուր գահին, նա արդեն այսօր էր արժանի Տանտիրոջ ու Մեծի թափուր այդ գահին, բայց շատ գեղեցիկ է, երբ անառարկելի վաստակը լուսապսակվում է նաև պատկառելի ծերությամբ...»,- գրող ասել է Հրանտ Մաթևոսյանը նկարիչ Մինաս Ավետիսյանի մասին:
Մինասի աշխատանքները՝ Ազգային պատկերասրահի կայքից։
Հարակից հրապարակումներ`
- Մեկ նկարի ցուցադրություն և անձնական իրերի սրահ՝ Մինաս Ավետիսյանի թանգարանում
- «Գույների կախարդանքը» ցուցահանդես. Մինասի գույներով՝ այցելուների ձեռքերով
- Ջաջուռի տուն-թանգարանում բացվելու է Մինաս Ավետիսյանի նոր ցուցադրությունը
- «Աշխարհի մեջ անոր պես նկարիչ քիչ կա, եթե ըսեմ չկա, հավատացեք»...Մինաս Ավետիսյանի ծննդյան օրն է