Սվիտալսկի․ԵՄ-ն ֆինանսական աջակցություն կտրամադրի դատական բարեփոխումներին
Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին ավարտում է իր դիվանագիտական առաքելությունն Հայաստանում ու այստեղ իր աշխատելու տարիները համարում է արդյունավետ համագործակցության տարիներ։ Այս մասին այսօր իր առաքելության ավարտին նվիրված մամուլի ասուլիսին ասաց Սվիտալսկին։
Սվիտալսկին նշեց, որ ժամանակի մեծ մասում ԵՄ-ում վայելել ենք շատ դրական վերաբերմունք, աջակցական։
«Հաշվի առնելով, որ ավարտում եմ առաքելությունս Հայաստանում, հիմնական ուղերձս հետևյալն է՝ պաշտպանեք ձեր ազատությունը, բացահայտեք կեղծ լուրերը, հստակ տարբերակում մտցրեք փաստերի և կարծիքների միջև և պայքարեք ատելության խոսքի դեմ։ Դուք ունեք շատ կարևոր առաքելություն ձեր երկրում»,-ասաց Սվիտալսկին ու հավելեց՝ «ինձ էլ լավ հիշեք»։
Պատասխանելով դատաիրավական բարեփոխումների հետ կապված հարցին, Սվիտալսկին ասաց, որ ԵՄ-ն շատ հստակ աջակցությամբ է հանդես եկել այս ոլորտում բարեփոխումներին, նախագահ Տուսկի հայտարարությունը Հայաստանում։
«Անկախ, մաքուր, անբիծ դատական համակարգը ստեղծելու ճանապարհին մենք պատրաստ ենք աջակցել՝ քաղաքական, խորհրդատվական առումով, նաև չափելի ֆինանսական աջակցություն տարմադրել դատաիրավական բարեփոխումներին»,-ասաց Սվիտալսկին, նշելով, որ այս պահին քննարկվում է 2 ուղղություն՝ ուղիղ աջակցություն, և բազմամիլիոնանոց աջակցության ծրագրի մասին՝ գալիք 3-4 տարիների համար։
Սվիտալսկին նշեց, որ ԵՄ-ն բարեփոխումների որևէ մոդել չի պարտադրում, բայց պատրաստ է ուժերը մոբիլիզացնել, կիսվել անդամ երկրների փորձով՝ յուրաքանչյուր ոլորտում, որտեղ կարիքը կզգացվի։
Հարցին, թե ընդդիմադիրների կողմից հնչեցվող քննադատություններին, թե դատական բարեփոխումները, մասնավորապես վեթինգը, նպատակ ունի ստեղծել ոչ թե անկախ, այլ ներկայիս իշխանություններին հպատակ դատական համակարգ, Սվիտալսկին հիշեցրեց ԵՄ դեսպաններն արտահայտել են իրենց վերաբերմունքը։
«Մենք կարող ենք կրկնել, որ բոլոր բարեփոխումները պետք է լինեն ՀՀ սահմանադրության համաձայն և բարեփոխումների ջանքերը պետք է ուղղվեն ըստ միջազգային ստանդատների»,-ասաց Սվիտալսկին։
«Երբ ասում ենք անկախ դատական իշխանություն նկատի ունենք իրապես անկախ, որը պաշտպանված է իշխանության այլ ճյուղերից անհարկի միջամտություններից։ Իշխանությունների 3 ճյուղերի կատարյալ բաժանումը շատ կարևոր է։ Իսկ անկախ դատական համակարգը մեզ համար հանդիսանում է վստահելի արդարադատության հենքը»,-ասաց Սվիտալսկին ու հավելեց, որ որևէ պատճառ չի տեսնում այս պահին, որ կա միտում թուլացնելու դատական անկախությունը։