ՀՀ-ում ԵՄ դեսպան․ Այս պահին ՀՀ-ԵՄ հարաբերությունները գերազանց են
«Ընդհանուր առմամբ այս պահին Եվրամիությունը գերազանց հարաբերություններ ունի Հայաստանի հետ։ Բոլոր գործոնները, որոնք հաշվի են առնվում հարաբերությունների մակարդակը գնահատելու համար, հուշում են, որ այդ պնդումը իսկապես կշիռ ունի։ Ունենք բավական ակտիվ քաղաքական երկխոսություն՝ ամենաբարձր մակարդակից սկսած»,- այսօր Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ հրավիրած մամուլի ասուլիսին ասաց ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին, հիշեցնելով ԵՄ խորհրդի նախագահի այցը Հայաստան, ՀՀ վարչապետի այցը Բրայուսել։
Սվիտալսկին նշեց, որ Հայաստան-ԵՄ ընդլայնված համաձայնագիրն արդեն իսկ մտնում է իրականացման փուլ, որի ճանապարհային քարտեզը ներկայացվել է։
«Վստահ եմ, որ Հայաստանի հասարակությունը պետք է հետևի այս համաձայնագրի իրականացման ընթացքին։ Ճյուղային նախարարությունները մշակում են շատ կոնկրետ գործողություններ ճանապարհային քարտեզի իրականացման մասով։ Մենք նշանակալիորեն ավելացրել ենք ֆինանսական աջակցության մակարդակը՝ ուղղված Հայաստանի զարգացման մակարդակին։ Ինչպես գիտեք, Հայաստանը 25մլն եվրո ստացել է այսպես կոչված Հովանի ծրագրի շրջանակներում, որը հայեցողական հիմնադրամ է, որի միջոցների ծախսը որոշվում է ըստ կատարողականի։ Ես Հայաստանին կցանկանամ, որ հաջորդ տարի ևս կարողանա ստանալ այս հիմնադրամի միջոցները»,-ասաց Սվիտալսկին, ընդգծելով, որ համագործակցությունը ԵՄ-ի ու ՀՀ-ի միջև ճիշտ ճանապարհին է, ինչը, վստահաբար գնահատում է Հայաստանի ժողովուրդը։
Սվիտալսկին նշեց վերջերս հրապարակված հարցման արդյունքները, որի համաձայն հայերի 92 տոկոսը ասել է, որ ԵՄ-ի հետ հարաբերությունները ճիշտ կամ լավ են արդյունավետորեն զարգանում են։
«Այսքան մարդկանց աջակցությունն արդեն իսկ արժեքավոր է։ Կան նաև այլ դրական թվեր՝ հայերի 60 տոկոսը վստահում է ԵՄ-ին, 60 տոկոսից ավելին դրական է ընկալում ԵՄ-ն, հայերի ավելի քան 70 տոկոսը տեղյակ են մեր ֆինանսական ծրագրերի մասին», - ասաց Սվիտալսկին, հավելելով, որ փոքր թվով հայեր գիտեն, որ ԵՄ-ն Հայաստանում ամենամեծ նվիրատուն է։