ԼՂ կարգավորման հարցում ԵՄ դիրքորոշումը մնում է նույնը․ Սվիտալսկի
«ԵՄ-ի դիրքորոշումը ԼՂ կարգավորման վերաբերյալ մնում է նույնը։ Սա այն դիրքորոշումն է, որը հիմնված է մի շարք հիմնարար սկզբունքների վրա։ Առաջինը, մենք հավատացած ենք, որ այս հակամարտությանը որևէ ռազմական լուծում չկա, երկրորդը, մենք աջակցում ենք Մինսկի խմբի աշխատանքներին։ Մեր դիրքորոշման մեջ որևէ բան չի փոխվել։ Չկա պատճառ անհանգստանալու, որ ԵՄ-ն փոխում է իր դիրքորոշումը»,-այսօր Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ հրավիրած մամուլի ասուլիսին ասաց ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ անդրադառնալով այն հանգամանքին, որ վերջերս Ադրբեջանում ԵՄ խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել էր, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։
Նշենք, որ վերջերս Հարավային Կովկաս այցի շրջանակներում Ադրբեջան, Հայաստան ու Վրաստան այցելեց ԵՄ խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, որը ևս հայտարարել էր, որ ԼՂ հակամարտությանը չկա ռազմական լուծում, այլ միմիայն միջազգային իրավունքին և սկզբունքներին համապատասխան քաղաքական կարգավորում:
Դեսպանը, խոսելով ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման վերաբերյալ, ասաց, որ Հայաստանը կարող է օգտվել ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման վրացական փորձից։
«Հայկական կողմը շատ լավ գիտի, թե ինչ է պետք անել վիզաների ազատականացման երկխոսությունը սկսելու համար։ Պետք է համբերատար լինել և շարունակել ջանքեր ներդնել։ Եթե դուք չխախտեք ճամփորդությունների ընթացքում ժամկետները, ժամանակին վերադառնաք, ապաստան չհայցեք, չփորձեք չարաշահել անվճար տրամադրվող բուժօգնությունը, ապա ամեն ինչ կշարժվի ճիշտ ուղղությամբ», - ասաց Սվիտալսկին։
Հարակից հրապարակումներ`
- Դոնալդ Տուսկի գաղափարական պայքարի հարավկովկասյան կանգառը
- ԵՄ խորհրդի նախագահ․ ԼՂ հակամարտությունը չունի ռազմական լուծում
- Դոնալդ Տուսկ․ ԵՄ-ն պատրաստ է աջակցել բնակչությանը խաղաղության նախապատրաստման կոնկրետ միջոցառումներին