Վահագն Խաչատրյան. Երևանի գլխավոր խնդիրը բնակֆոնդն է
Երևանի գլխավոր խնդիրը բնակֆոնդն է։ Լրագրողների հետ հանդիպմանը նման պնդում արեց Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը։
«Բնակֆոնդը անմխիթար վիճակում է՝ սկսած այն ժամանակներից, երբ բնակֆոնդի հետ ինչ ասես չարեցին։ Ի նկատի ունեմ գազաֆիկացում, էլեկտրաֆիկացում, հետո մանսարդներ։ Քաղաքաշինական խնդիրները, որ սարքեցին բնակֆոնդի գլխին, կետային լուծումները... բակերում գոնե կանաչապատում անեին, սկսեցին շենքեր կառուցել։ Եվ այդ ամենի հեղինակը Նարեկ Սարգսյանն էր»,-ասաց բանախոսը։
Նա պարզաբանեց, կողմ չէ, որ մարդկանց պատժեն, բայց նման սխալներ թույլ տված մարդիկ գոնե պետք է մի կողմ քաշվեն ու չզբաղվեն այդ աշխատանքով, կամ էլ բացատրեն, թե ինչո՞վ են պայմանավորված այդ կետային լուծումները, որոնց հետևանքով Երևանում շնչելու օդ չկա, շարժվելու տեղ չկա։
«Երբ այսօր ջերմաստիճանը բարձրացել է, մարդիկ չեն կարողանում դուրս գալ իրենց բակ ու մի քիչ շնչել, ոնց որ առաջ էր։ Սա մի բեռ է, որը կուտակվել էր, կուտակվել էր ու ընկել է այսօրվա իշխանության ուսերին։ Ես նաև այս հանգամանքից ելնելով, ասացի, որ չեմ նախանձում այն մարդկանց, որոնք ընտրությունների կգան ու կղեկավարեն քաղաքը։ Համոզված եմ, որ եթե խոսեք քաղաքային իշխանությունների հետ և քաղաքապետի հետ, կարծում եմ, կխոստավանեն, որ չէին սպասում, թե նման բարդությունների մեջ կհայտնվեն»,-ասաց Խաչատրյանը։