Բրուցելոզի, սատկած ձիու մասին ֆերմերի հայտարարությունները տեսչական մարմինն ընդունել է որպես ահազանգ
Ֆերմեր Տիգրան Եղոյանը լրագրողների հետ հանդիպմանը երեկ ահազանգել էր՝ Վայոց Ձորի մարզում արդեն մի քանի ամիս է սարսափելի վիճակ է տիրում, գյուղեր կան, որտեղ մանր եղջերավոր անասունների 50-60 տոկոսը հայտնվել է բրուցելոզի ճիրաններում, 38 մարդ հիվանդ է։ Նա պնդում էր, որ հիվանդ անասունների միսը վաճառվում է Մարտունու շուկայում, որտեղից էլ այն տեղափոխվում է Երևան։
«Օրինակ կարող եմ նշել Քարագլուխ, Շատին գյուղերը։ Սա ասում եմ՝ ամենայն պատասխանտվությամբ։ Որտե՞ղ է սննդի պետական ծառայությունը, որտե՞ղ է մեր կառավարությունը»,-ասել է նա։
Եղոյանը հայտարարել է՝ սատկած ձին մորթել են, իր հարցին, թե ուր են տանելու, պատասխանել են՝ երշիկի ցեխ։
Ֆերմերի հայտարարությունները Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից գրանցվել են որպես ահազանգ։
«Այժմ ուսումնասիրություններ են արվում»,-նշում է տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը։
Վերջինը նաև որոշ պարզաբանումներ է ներկայացրել ասուլիսի ընթացքում ֆերմերի հնրեցրած հայտարարություններից մի քանիսի վերաբերյալ։ Տեսչական մարմնի ղեկավարը պնդում է.
1. Հայաստանում անասնաբուժական թուրքական դեղեր չեն վաճառվում:
2. Վիետնամից խոզի միս չի ներմուծվում:
3. 50% վարակվածություն երբևէ չի եղել, վերահսկողության խստացումից հետո էլ այդ թիվը 5% չի գերազանցում: 2019թ. առաջին կիսամյակի տվյալներով՝ ստուգված խոշոր եղջերավոր 281764 գլուխ կենդանիներից միայն 1813-ի, այսինքն՝ 0,64%-ի, մոտ է հայտնաբերվել բրուցելոզ, իսկ մանր եղջերավոր կենդանիներից՝ ընդամենը 1.04%-ի (222546-ը 2318-ը): Տարվա վերջին կունենանք ավելի ամբողջական պատկեր:
4. Եղեգնաձորում կենդանու արյան փորձաքննության չի արվում:
5. Չնայած ֆերմերի ասածների մեծ մասի արժանահավատությունը խիստ կասկածելի է, այնուամենայնիվ «Ծանոթ մսավաճառի» մասին ասվածը դիտարկում ենք որպես ահազանգ։
6. Սատկած ձիու մսի մասով նույնպես ֆերմերը հստակեցնելու խնդիր ունի: Մենք նաև հարցում կանենք բոլոր մսամթերք արտադրողներին: Հուսով ենք՝ ըմբռնումով կմոտենան մեր հարցմանը և չեն դիտարկի որպես վիրավորանք:
7. Այս պահին հանրապետության ողջ տարածքում իրականացվում է մսի շուկայի վերահսկողություն (Գյումրի, Արթիկ, Կապան, Մեղրի), և այդ խնդրին տրվում է համակարգային լուծում:
8. Օգոստոսի մեկից հանրային սննդի օբյեկտներում, իսկ հունվարի 15-ից ամբողջ շուկայում վաճառվելու է բացառապես սպանդանոցային ծագման միս, ինչը հնարավորություն կտա վերահսկել թե մսի անվտանգությունը, թե սպանդի, պահպանման, տեղափոխման և այլ պայմաններ:
9. Մամուլի համար հաղորադագրություն կհրապարակենք մեր կողմից այս պահին իրականացվող ուսումնասիրության և պետական վերահսկողության միջոցառումների ավարտից հետո: