Կարիճների խայթոցից խուսափելու համար առավոտյան թափ տվեք կոշիկն ու հագուստը, որը հագնելու եք
Այս տարի արձանագրվել է կարիճի խայթոցի 125 դեպք, մասնավորապես` Արարատի, Արմավիրի մարզերում և Երևանում: Նման տվյալներ է տրամադրել առողջապահության նախարարությունը։
Հայաստանում հանդիպում են կարմիր, դեղին ու սև կարիճներ: Կարիճի խայթոցից թունավորման բարդության աստիճանը կախված է կարիճի թույնի խտությունից: Կարիճների մեծ մասի խայթոցի դեպքում միայն թույլ ռեակցիա է առաջանում, ինչպես լինում է մեղվի խայթոցի ժամանակ: Դեղին և կարմիր կարիճների թույնը վտանգավոր չէ կյանքի համար:
Նախարարության մասնագետները նշում են, որ սև կարիճի խայթոցն ամենավտանգավորն է, որի դեպքում տուժածի մոտ նկատվում է՝
խայթոցի տեղում ուժգնացող, այրող բնույթի ցավ
մաշկի կարմրություն և այտուց, երբեմն առաջանում են այրվածքին բնորոշ բշտեր,
ախտահարված մասում թմրածության զարգացում
ցնցումներ, որոնք կարող են լինել որևէ մկանի կամ ամբողջ մարմնի հատվածում
որովայնի շրջանում ցավեր, սրտխառնոց և փսխում
գլխապտույտ
արտահայտված թքահոսություն
սրտխփոց
գլխացավ։
Կարիճի խայթոցի դեպքում անհրաժեշտ է տուժողին անհապաղ հիվանդանոց հասցնել, իսկ մինչ այդ՝
տուժածին պառկեցնել ու ապահովել վնասված վերջույթի անշարժությունը
վնասված հատվածը մաքրել սպիրտով, հակասեպտիկ վիրակապ դնել վերքի մեջ վտանգավոր մանրէների ներթափանցումը կանխելու նպատակով
ցավը մեղմելու և այտուցը վերացնելու համար վրան սառույց դնել
անկախ տուժածի վիճակից՝ պետք է լինել բժշկի հսկողության տակ:
Նշվում է, որ կարիճները միտումնավոր չեն գրոհում մարդու վրա, սակայն պատահական շփումը կարող է խայթոցով ավարտվել: Դրանք հաճախ թափանցում են տներ:
Ցերեկը թաքնվում են ճեղքերում, իսկ գիշերը դուրս են գալիս, մտնում կոշիկի, հագուստի ու նույնիսկ անկողնային պարագաների մեջ:
Ուստի, ցանկալի է առավոտյան թափ տալ կոշիկն ու հագուստը, որը պատրաստվում եք հագնել, զննել սրբիչներն ու անկողնային պարագաները: Տունը, որտեղ կարիճներ են նկատվել, պետք է հնարավորության դեպքում նորոգել, փակել կարիճների ներթափանցման բոլոր ուղիները, բակից հավաքել, վերացնել աղբը, քարերն ու փայտը: