Դատաբժշկական փորձաքննություն իրականացնող հանձնաժողովը կայցելի Մանվել Գրիգորյանին
ՀՀ առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոնի բարդ դատաբժշկական փորձաքննությունների բաժնի վարիչ Գագիկ Հարությունյանից Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է գրություն, որի համաձայն ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի վերաբերյալ նշանակված դատաբժշկական փորձաքննության կատարման նպատակով ձևավորված հանձնաժողովը հուլիսի 25-ին այցելելու է նրան։ Դատարանում գրությունը ներկայացրեց նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը։
Նա նշեց, որ դատաբժշկական փորձաքննության կատարաման նպատակով ձևավորված միջգերատեսչական հանձնաժողովը ղեկավարում է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լևոն Հակոբյանը, անդամներն են ՀՀ ոստիկանության բժշկական վարչության պետի տեղակալ Արմեն Կարապետյանը, առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոնի բարդ փորձաքննությունների բաժնի վարիչ Գագիկ Հարությունյանը և «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ի բժիշկ Հարություն Հեքիմյանը։
Դատավորն ասաց, որ պատասխան գրություն կուղարկեն «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ին և «Նաիրի» ԲԿ-ին, որպեսզի ապահովեն հանձնաժողովի անդամների մուտքը և հետազոտությունը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ դատախազները միջնորդություն էին ներկայացրել՝ Մ. Գրիգորյանի առողջական վիճակի հարցով միջգերատեսչական դատաբժշկական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ։ Դատավոր Մնացական Մարտիրոսյանը բավարարել էր միջնորդությունը։
Հիշեցնենք նաև, որ այսօր դատարան էր ներկայացել պաշտպանական կողմից հրավիրված փորձագետը՝ բժիշկ-էնդոկրինոլոգ Լուսինե Մամիկոնյանը։ Նիստը երկու ժամով հետաձգվել էր, որպեսզի փորձագետն այդ ընթացքում գնա և բերի անհրաժեշտ փաստաթղթերը, որոնք վերաբերում են նրա աշխատանքային փորձին։ Ընդմիջումից հետո դատավորը տեղեկացրեց, որ փորձագետը ներկա չէ, սակայն պետք է ներկայացներ փաստաթուղթ, որ մեղադրանքի կողմը կարծիք հայտներ բացարկի հետ կապված։ Պաշտպանության կողմը հայտնեց, որ տեխնիկական խնդիր է առաջացել:
«Պաշտպանության կողմի ներկայացված փորձագետին այս պահին չենք կարող ներգրավել հանձնաժողովի կազմում, ինչպես նաև պաշտպանության կողմից ներկայացված մյուս երեք փորձագետներին, որովհետև դատարան չեն ներկայացել, չեն նախազգուշացվել կեղծ փորձաքննության կեղծ եզրակացություն չտալու դեպքում սահմանված պատասխանատվության մասին: Քանի որ դատարանը պարտավոր է ողջամիտ ժամկետում քննել գործը և անընդհատ չի կարող հետաձգել փորձագետների ներկայանալ-չներկայանալու հետ կապված՝ այդ պատճառով մենք կշարունակենք մեր վարույթը»,- ասաց դատավոր Մ.Մարտիրոսյանը:
Նա նշեց, որ փորձագետը կարող է գործընթացին ներգրավվել այն ժամանակից, երբ համապատասխան փաստաթղթերը կներկայացնի:
Այս գործով հաջորդ դատական նիստը նշանակվեց հուլիսի 30-ին։
Հիշեցնենք, որ արդեն մի քանի շաբաթ է Մ. Գրիգորյանը բուժում է ստանում քաղաքացիական հիվանդանցում։ Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաև կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։ Մ.Գրիգորյանը կալանավորվել էր 2018 թ. հունիսի 19-ին, սակայն դեկտեմբերի 21-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել։ Նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավը կիրառելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել: Բողոքը բավարարվել էր, և Մ. Գրիգորյանը հունվարի 22-ին կրկին կալանավորվել է։ Պաշտպանները մի քանի անգամ դիմել են խափանման միջոց կալանքը գրավով փոխելու միջնորդություններով, սակայն մերժվել են։
Հարակից հրապարակումներ`
- Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստին ներկա է փորձագետը
- Պաշտպան. Մանվել Գրիգորյանի հանդեպ հատուկ վատ վերաբերմունք, բացասական ուղղվածություն կա
- Մանվել Գրիգորյանը դատարան չներկայացավ
- Մանվել Գրիգորյանի հարազատներին պատականող ընկերությունների աշխատողներն աշխատավարձ չեն կարողանում ստանալ
- Դատարանը կրկին մերժեց Մանվել Գրիգորյանի պաշտպանին
- Մանվել Գրիգորյանի գործով դատախազը դեմ է ներկայացված միջնորդությանը
- Մանվել Գրիգորյանն առողջական վիճակի պատճառով դատական նիստին չէր ներկայացել