Բռնցքամարտի ֆեդերացիան հեռացվել է ՀԱՕԿ-ի անդամակցությունից
«Օլիմպավանում» այսօր կայացավ ՀԱՕԿ-ի արտահերթ գլխավոր ասամբլեայի նիստը: Օրակարգում դրված էր 5 հարց:
Առաջին կետը, որը վերաբերում էր Մինկում ավարտված Եվրոպական խաղերին, զեկուցեց ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խորհրդական Արմեն Գրիգորյանը: Վերջինս ամփոփեց կատարված աշխատանքները և մեր մարզիկների գրանցած արդյունքները՝ հատուկ ըդգծելով նման մասշտաբի կարևոր մրցաշարում հայ մարզիկների՝ երկնիշ թվով մեդալներ նվաճելու կարևորությունը (խմբ. 11 մեդալ՝ 5 ոսկե, 3-ական արծաթե և բրոնզե):
Օրակարգի երկրորդ հարցը Տոկիո- 2020-ի Հայաստանի մարզիկների նախապատրաստման աշխատանքների մասին էր, որը ևս զեկուցեց ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խորհրդական Արմեն Գրիգորյանը:
Վերջինս վստահեցրեց, որ ինչպես համակարգվել են նախորդ կարևոր մարզական միջոցառումներից առաջ արվող աշխատանքները, այդպես էլ կարվի Տոկիո-2020-ին ընդառաջ: Գրիգորյանն իր խոսքում նշեց, որ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հանձնարարականով կստեղծվի աշխատանքային խումբ, որը կվերահսկի նախապատրաստական բոլոր աշխատանքները և մեր մարզիկներն ու մարզիչները ոչ մի խնդիր չեն ունենա՝ նախապատրաստվելու 32-րդ ամառային Օլիմպիական խաղերին:
Օրակարգի 3-րդ կետը «Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը ՀԱՕԿ-ի անդամակցությունից հեռացնելու մասին էր: Զեկուցում էր ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը: Վերջինս ներկայացրեց Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիայի կատարած խախտումների վերաբերյալ 30 կետանոց զեկույց և դրեց ֆեդերացիան՝ ՀԱՕԿ անդամակցությունից զրկելու հարցը քվեարկության: Ասամբլեայի 67 մասնակիցներից 64-ը կողմ քվեարկեցին, 2-ը՝ ձեռընպահ, մեկն էլ չմասնակցեց քվեարկությանը:
Օրակարգի 4-րդ հարցը «Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը ՀԱՕԿ-ի ժամանակավոր անդամ ընդունելու մասին էր: Զեկուցող ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը ներկայացրեց վերը նշված ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի դիմում-նամակը ՀԱՕԿ-ին, ներկայացրեց Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիայի մինչև օրս կատարած աշխատանքները և արդյունքները և հարցը դրեց քվեարկության: 67 մասնակիցներից 64-ը կողմ քվեարկեցին, 3-ը՝ ձեռընպահ:
Օրակարգի 5-րդ կետը գլխավոր ասամբլեայի արարողակարգային հարցերի մասին էր, որը քննարկվեց և ընդունվեց միաձայն ասամբլեայի սկզբում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա